«Այս քայլով Ադրբեջանը զինադադարի խախտումը բարձրացրեց ռազմատեխնիկական նոր աստիճանի: Ադրբեջանը շարունակ շեշտել է, որ օդի ճանապարհը փակելը իրենց համար առաջնահերթ խնդիրն է: Լաչինի ճանապարհը բացելուց հետո ուղղաթիռային պատերազմը երկրորդ պլան մղվեց: Ինչո՞ւ Ադրբեջանն այս քայլին գնաց, ըստ իս՝ այս ամենին նպաստեցին օգոստոսյան մեր փայլուն հակահարվածները, այսինքն՝ ցամաքային պատերազմում տանուլ տալով՝ Ադրբեջանը որոշեց պատերազմը տեղափոխել օդ՝ փորձելով այդտեղ որոշակի հաջողություն գրանցել: Ադրբեջանը չի վախենում իրավիճակի անընդհատ սրացումից՝ էսկալացիայից: Օդային պատերազմն արդեն կիսապատերազմական կամ նախապատերազմական վիճակ է, որովհետև եթե մենք ավիացիայի միջոցով պատասխանենք՝ լուրջ հետեւանքներ կլինեն» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, ԵԿՄ անդամ Վարդան Դևրիկյանը ու ընդգծեց, որ պատասխան հարվածը կարող է և քաղաքական, և ռազմական լինել:
Վարդան Դևրիկյանի փոխանցմամբ՝ ամենաբարդը հենց այդ պատասխան հարվածը հստակեցնել է:
«Կարող ենք ասել, որ մեկին 10 կպատասխանենք, բայց դա էժան և դատարկ խոսք է. չգիտենք դրա ոչ քաղաքական հետևանքները, ոչ էլ պատկերացնում ենք, թե դա ինչի կբերի: Անկախ ներքին թերացումներից՝ ռազմաքաղաքական ղեկավարությանն այդ հարցում կարող ենք բացարձակ վստահել. ռազմական գործողություններով անցած մարդիկ են, մի կողմից գիտեն, որ չի կարելի հակառակորդին անպատիժ թողնել, մյուս կողմից գիտեն, որ չի կարելի անվերահսկելի քայլեր կատարել»,- եզրափակեց Վարդան Դևրիկյանը: