Երեկ շտապօգնության ծառայության 5-րդ բրիգադի բժիշկ Տարոն Սարիբեկյանը ազատման դիմում է գրել՝ այն հիմնավորելով, որ աշխատավարձը ցածր է, ապահովագրություն չունեն և օրական իրականացնում են 30 կանչ։
Այս հարցերի շուրջ Araratnews.am-ը խոսեց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ, ով չհերքեց առկա խնդիրները։
Ստեփանյանը հաստատեց ազատման դիմում գրած բժշկի խոսքը, որ օրը 30 կանչ են գրանցում։ «Մենք հարցի մասին բարձրաձայնել ենք թե՛ նախարարությանը, թե՛ քաղաքապետարանին, և նրանք մտածում են այդ ուղղությամբ։ Պետք է մշակվեն տարբեր մեթոդներ, որոնց արդյունքում կհասկանանք՝ ինչպես կարող ենք նվազեցնել մեր կանչերի թիվը»,- ասաց Շտապօգնության ծառայության տնօրենը։
Ստեփանյանի խոսքով՝ այսօր Երևան քաղաքը սպասարկում է 36 բրիգադ, բայց խնդիրն այլ է․ «Նախևառաջ՝ կանչերը պետք է տարանջատվեն, և շտապօգնությունը կատարի զուտ իր անհետաձգելի կանչերը»։
Ինչ վերաբերում է բժիշկների կողմից դիմում գրելուն և պայմաններից բողոքելուն, Ստեփանյանն արձագանքեց․ «Այդ բժիշկներն իրենց ցանկությամբ են եկել շտապօգնությունում աշխատելու և ի սկզբանե տեսել են և՛ պայմանները, և՛ հնարավորությունները։ Ուղղակի այսօր շտապօգնությունը 200-ով ավելի շատ կանչ է կատարում, քան նախկինում»։
Ծառայության տնօրենը նշեց, որ աշխատանքից ազատման ուրիշ բժիշկներից դիմումներ չկան։ «Այդ բժշկի հետ ինքս եմ խոսել, որևէ խնդիր մենք իրար հետ չունենք։ Նա ուղղակի համատեղությամբ էր աշխատում և ուզում է աշխատել միայն իր գործով,- ընդգծեց Ստեփանյանը՝ հավելելով։ — Իսկ որ բարձրաձայնում է՝ շատ կանչ են կատարում, ապահովագրություն չկա, աշխատավարձն է ցածր, այդ ամենի մասին ես էլ եմ բարձրաձայնել, բոլորն էլ տեղյակ են»։
Ստեփանյանն ասաց, որ համապատասխան մարմինների հետ հանդիպումներ են նախատեսված, և հույս հայտնեց, որ այդ հարցերը միգուցե դրական լուծում ստանան։