տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Երջանկությունը` հորմոնների արգասիք

Բժշկի անկյուն. Երջանկությունը` հորմոնների արգասիք

289
0

happiness

Երջանկություն կամ բերկրանքի զգացում.մի հոգեվիճակ է, որը բնութագրվում է հաճելի էմոցիաներով կամ զգացումներով: Իսկ  ինչպես է այն ձևավորվում օրգանիզմում: Ինչն է օգնում այդ դրական վիճակի ստեղծմանը:

Իրականում, երջանկության զգացումը քիմիական ռեակցիա է`  «երջանկության» հորմոնների մասնակցությամբ: Այդ հորմոններն են` էնդորֆինը, դոփամինը, օքսիտոցինը ևն:

Էնդորֆին

Սիրահարություն մատնող աչքերի փայլը այս հորմոնի արդյունքն է: Իսկ դրա բացակայությունը կամ էլ անբավարարությունը կարելի է մարզումներով լրացնել:

Էստրոգեն

Այս հորմոնն է կնոջը կին դարձնում, կարգավորում դաշտանային փուլը, հղիության ընթացքն ու  ծննդաբերությունը: Էստրոգենն է պատասխանատու մաշկի արյունամատակարարման, խոնավության ու ձգության, ճարպագեղձերի  գործունեության համար: Եթե հորմոնային հավասարակշռությունը խախտված է, ձեր մազերի որակը ոչ մի միջոց չի  բարելավի:

Դոփամին

Կնոջ քայլվածքը նույնպես առանձնահատուկ է` կանացի: Դրա պատճառն էլ դոփամին հորմոնն է: Այս հորմոնի բավարար քանակությունը  քայլվածքը դարձնում է թեթև,  լցնում կենսաէներգիայով:  Դոփամինի բացակայությունը կամ էլ անբավարարությունը մասնագետներն առաջարկում են լրացնել պարահանդեսային պարերով, քայլքով,ինչը կօգնի զարգացնելու շարժումների կոորդինացիան ու նպաստել արյան մեջ դոփամինի մակարդակը բարձրացնելուն:

Օքսիտոցին

Օրական յոթ համբույրն ու կրքոտ գրկախառնության յոթ րոպեն բավարար են, որ մարդը երջանիկ զգա:  Քնքշության նմանօրինակ դրսևորումները նպաստում են օքսիտոցին հորմոնի մշակմանն ու պաշտպանում հիվանդություններից: Ադրենալինի հետ արյուն ներթափանցած այս հորմոնը խտացնում է իգական հորմոնների ազդեցությունը՝ ճնշելով արականին: Դրանից է, որ քնքշության կարիք ենք ունենում, երբ լավ չենք զգում: Պարզվել է, որ ինքնավստահ կանանց օրգանիզմում այս հորմոնի մակարդակը նորմից բարձր է: Օքսիտոցինի մակարդակը կարգավորելու համար  օգտակար են սեքսը, մերսումը և անգամ  ինքնամերսումը:

Սերոտոնին

Ամեն մարդ երջանկության իր պատկերացումն ունի: Չես կարող լավատեսություն սերմանել, եթե ի ծնե վատատես ես: Գիտնականները պարզել են, որ դրա պատճառը սերոտոնին  հորմոնի քանակով է պայմանավորված: Կենսախինդ կանանց մեջ այն ավելի շատ է, քան մռայլ բնույթ ունեցողների մեջ, ոչ միայն այն պատճառով, որ կենսուրախ օրիորդներն օժտված են ամեն ինչով ուրախանալու տաղանդով: Պարզապես, սերոտոնինի մշակման ու լավ տրամադրության միջև փոխադարձ կապ կա. որքան շատ հորմոն է ընկնում արյան մեջ, այնքան շատ ենք ուրախ լինում, և հակառակը, որքան ուրախանալու առիթներ ենք ունենում, այնքան շատ հորմոն է մշակվում: Բավական է զայրանանք, որ սերոտոնին պարզապես չմշակվի, քունը դառնա կարճատև ու ընդհատվող, ախորժակը՝ անզուսպ, իսկ ինքներս՝ չար ու նյարդային: Որովհետև այս հորմոնն է պատասխանատու հանգիստ քնի ու չափավոր նորմալ ախորժակի համար: Այնպես որ, երբ զգում եք մոտալուտ դեպրեսիան, կերեք մակարոնեղեն և ընդեղեն. այս մթերքները հարուստ են ածխաջրերով, որոնք խթանում են սերոտոնինի մշակումը: Իսկ եթե համբերություն չունեք, ապա կերեք շոկոլադ և դարչինի բույրով մոմ վառեք: Մի քանի րոպեից տրամադրությունը կբացվի:

Տիրօքսին

Հանքային ջու՞ր եք ուզում, նշանակում է վահանաձև գեղձի հետ կապված խնդիր ունեք: Այս գեղձն է պատասխանատու  նորմալ նյութափոխանակության համար,  այն արագացնում է օրգանիզմից  խարամների (շլակ) ու թունավոր նյութերի  դուրսբերումը: Տիրօքսինի անբավարարությունը բացասաբար է անդրադառնում դեմքի ու կառուցվածքի վրա: Խանգարվում է ճարպագեղձերի աշխատանքը: Դեմքի գույնը դառնում է գորշ, հողագույն: Ազդրերին ու փորին ճարպային նստվածքներ են շոշափվում: Խմեք հանքային ջուր և կերեք յոդով հարուստ սնունդ, օրինակ՝ ծովամթերք: