Եղունգների առողջության հիմքը ճիշտ ու կանոնավոր խնամքն է: Դրա համար պարզապես մի քանի խորհուրդ է հարկավոր հիշել:
Առաջին հերթին պետք է հետևել, որ եղունգները լինեն մաքուր ու չոր: Դա թույլ կտա կանխելու մանրէների ու սնկերի բազմացումը: Քիմիական նյութերով աշխատելու, մաքրություն իրականացնելու ժամանակ պետք է ռետինե ձեռնոցներ հագնել: Դա ամենևին էլ ավելորդություն չէ. այդ կերպ ձեռքի մաշկն ու եղունգները պաշտպանված կլինեն այդ նյութերի ազդեցությունից:
Կանոնավոր կերպով հարկավոր է կտրել եղունգները, զգուշությամբ ու խնամքով, այն էլ հարմար մկրատով, որպեսզիխուսափեք եղունգների ներաճից: Ու նորություն չէ, որ ամենահարմարը լոգանքից հետո այդ պրոցեսը կատարելն է, երբ եղունգները տաք ջրից մի լավ փափկում են: Դրանից հետո պետք է ձեռքերի մաշկը փափկեցնող քսուք կիրառել, որը միաժամանակ նաև հարմար է եղունգներին:
Եթե եղունգների շերտատման կամ էլ փշրվելու խնդիր կա, ուրեմն ամեն երեկո կարող եք ձեռքերի լոգանք կատարել,թասի մեջ հաճելի տաքության ջուր լցնել ու ավելացնել զեյթունի ձեթ: Դա ընդամենը ձեզանից մի քանի րոպե կխլի, սակայն արդյունքը կգոհացնի կամ էլ կարելի է նույն անել առանց ջրի: Պարզապես, գոլացրած զեյթունի ձեթով թասի մեջ ձեռքերը մի քանի րոպե դրեք ու իսկապես, շատ արագ կզգաք դրա առողջարար ազդեցությունը:
Ջրազրկումը ընդհանրապես վնասում է օրգանիզմին, փչացնում մաշկը: Ջրազրկումը վատ է անդրադառնում նաև եղունգների որակի վրա: Դրա համար ամեն երեկո, երբ պառկում եք քնելու, ձեռքերի քսուք կիրառեք, եթե անգամ ձեզ ձեռքերի ու եղունգների վիճակը բավարար է թվում:
Եթե սիրում եք ներկել եղունգները, ապա ներկը հեռացնող հեղուկները չպետք է ացետոն կամ էլ ֆորմալդեհիդ պարունակեն, քանի որ նման բաղադրիչներով միջոցները չորացնում են եղունգներն ու դարձնում փշրվող, հանգեցնում է եղունգների շերտատման:
Ի դեպ, ամենևին ավելորդ չէ մերսումը եղունգների արյան շրջանառությունը բարելավելու նպատակով: Դա կարելի է անել ձեռքերին քսուք քսելու ժամանակ.ամենևին աշխատատար չէ:
Մի խորհուրդ էլ.անպայման խարտոց ունեցեք ու հիշեք, որ այն սանրի, ատամի խոզանակի նման պետք է անհատական լինի, միմիայն ձերը, քանի որ խարտոցի միջոցով մանրէներ ու վարակներ կարելի է փոխանցել առանց գիտակցելու: Խարտոցը պետք է օգտագործել առավելագույնը 2 ամիս, հետո պետք է այն փոխարինել նորով, գրեթե նույն կերպ, ինչպես և ատամների խոզանակը:
Եղունգների որակը բարելավելու համար պետք է օգտագործել В վիտամինով հարուստ մթերք.օրինակ` թռչնամիս, խոզի ու տավարի լյարդ, ձվի դեղնուց ու կովի կաթ:
Թեթևակի դեղնած ու մգացած եղունգները կարելի է սննդամթերքով գունաբացել: Լավագույն տարբերակը կիտրոնն է ու կիտրոնաթթուն: Դրա համար կիտրոնը պետք է կիսել ու մատները խրել դրանց մեջ մի քանի րոպե: Այդ ոչ բարդ պրոցեդուրան նախ տեսողական բարելավում է եղունգների գույնը ու հետն էլ ամրացնում դրանք: