Այսօր բոլորն էլ գիտեն, թե ինչ ասել է ողնաշարի ճողվածք.կամ ունենք նման խնդիր, կամ էլ նման խնդիր ունեցող ծանոթ ու հարազատ:
Իսկ ինչի հետևանքով է այն առաջանում:
Դրա առաջացման հիմնական պատճառը միջողնային նյութափոխանակության խանգարումն է: Գենետիկական նախատրամադրվածության ու տարիքային կազմափոխության հետևանքով նվազում է ջրի թափանցումը միջողնային սկավառակի միջուկ: Սովորական օստեոխոնդրոզը այս հիվանդության առաջացման հավանականությունը մեծացնում է 10 անգամ: Ողնաշարային (միջողնային) ճողվածքը վնասված սկավառակի տեղախախտումն է (սահմանից դուրս գալը), ինչի հետևանքով ճզմվում է նյարդը` առաջացնելով անտանելի ցավ: Այս կամ այն աստիճանի ողնաշարային ճողվածքով տառապում է ողջ բնակչության 1/4-ը: Այս հիվանդության հետևանքով խաթարվում է ողնաշարի շարժունությունը, երբեմն հիվանդության զարգացման պատճառ են դառնում վնասվածքներն ու վարակները:
Հիվանդը գրեթե միշտ բողոքում է մեջքի ցավից: Հիմնականում այն առաջանում է դեռևս պատանեկան տարիքից սկսած. հիվանդը բողոքում է չափավոր ֆիզիկական ծանրությունից, աշխատասեղանի մոտ կամ անկողնում` անհարմար դիրքից:
Ողնաշարային ճողվածքի ամենատարածված տեսակը օստեխոնդրոզային տարբերակն է: Ողների սկավառակների կռճիկային հյուսվածքների դեգեներատիվ-դիստրոֆիայի (տարաճ) ֆոնի վրա մեռած հյուսվածքներից աղային կղզյակներ են գոյանում: Ծանրության ազդեցությամբ այդ փուխր գոյացությունները վնասվում են` առաջացնելով ձևափոխություններ կամ էլ` սկավառակի տեղաշարժ, ինչի հետևանքով ճզմվում են հարողնաշարային նյարդերը, կամ էլ նեղանում է ողնուղեղային լուսանցքը:Այս ճողվածքով պայմանավորված` առաջանում է ցավ, որը կարող է ուղեկցվել մկանների անդամալուծությամբ, կոնքային օրգանների ֆունկցիայի խանգարմամբ:
Միջողնային ճողվածքի հիմնական պատճառը պայմանավորված է 2 գործոնով. առաջինը իշեմիան է, այսինքն` նյարդային գոյացությունների արյունազրկումը, երկրորդը` նյարդի ճզմումը: Ռադիկուլիտը, միջողնային ճողվածքը, ողնաշարի ուռուցքները կամ բորբոքային գործընթացները հայտնաբերվում են ողնաշարային ձևախախտման և դրա հետևանքով հարողնաշարային մկանների լարման պատկերով:
Հիվանդությանը բնորոշ են նաև գոտկատեղում առաջացած հանկարծակի, ոչ ուժեղ ցավերը: Երբեմն շարժումների ժամանակ, հազալիս, փռշտալիս մեջքի ու ոտքի ցավերն այնքան են ուժգնանում, որ հիվանդն անկողնում պառկելու կարիք է զգում: Հիվանդի վիճակը կարելի է մեղմել մեջքի վրա պառկեցնելով կամ էլ ոտքի տակ բարձ դնելով: