Ուղեղի արյան սնուցման խանգարում հասկացությունը միավորում է իշեմիկ(սակավարյունային) ու հեմոռագիկ (արյունազեղային) կաթվածները: Դրանցից առաջինի դեպքում խաթարվում է արյան սնուցումն ուղեղի մի հատվածում, երբ սնուցող զարկերակը խցանվում է արյան մակարդուկով կամ էլ աթերոսկլերոզային թանձրուկներով: Հեմոռագիկ կաթվածն առաջանում է ուղեղում արյունազեղման հետևանքով, որը սովորաբար կապված է անոթների պայթելու կամ էլ աթերոսկլերոզային լուրջ փոփոխությունների հետ: Ստացվում է, որ աթերոսկլերոզը ուղեղի արյունաշրջանառության խանգարման հիմնական պատճառն է: Կաթվածի հետևանքով ուղեղի տվյալ հատվածի մեռուկացում է սկսվում:
Երբեմն անոթային սեղմման` սպազմի հետևանքով ուղեղում խանգարումներ են առաջանում, բարեբախտաբար` կարճատև` մինչև մեկ օր: Դրանից հետո լիարժեք բոլոր ֆունկցիաները վերականգնվում են: Եվ, այդուհանդերձ, այս երևույթները, հիշեցնում ու հուշում են, որ կաթվածը դարանակալել է ու պետք է զգոն լինել:
Կաթվածի ախտանշանները պայմանավորված են այն հանգամանքի հետ, թե ուղեղի որ հատվածն է ախտահարված: Դրա մասի կարող են հուշել`
— չստացված շարժումները (վերջույթների)
— տակտիլ զգացումները (շփում, ջերմազգայություն ևն)` մարմնի տարբեր մասերում
— տեսողության
— լսողության
— խոսքի խանգարումներ:
Ներկայացված (շատ քիչ) տարբերակների օրինակից արդեն պարզ է դառնում, թե որքան բազմազան դրսևորումներ կարող է ունենալ կաթվածը, ու այդ ախտանշանների համադրությամբ է մասնագետը ճշգրիտ որոշում, թե հատկապես որ հատվածն է ախտահարված:
Կաթվածի ժամանակ բջիջների մի հատվածը մահանում է , իսկ մի հատվածն էլ ախտահարման գոտուց դուրս է գտնվում: Որոշ ժամանակ անց, երբ արյան մատակարարումն ախտահարված հատվածում կանոնավորվում է, որոշ ֆունկցիաներ էլ վերականգնվում են:
Մասնագետների խնդիրն է` առավելագույնս նպաստել ուղեղի արյան շրջանառության վերականգնմանը` փրկելով կյանքի ու մահվան սահմանագծին գտնվող բջիջների կենսունակությունը:
Կաթվածը կանխարգելելու նպատակով պետք է կանխարգելել, բուժել աթերոսկլերոզն ու արյան բարձր ճնշումը:
Սուր կաթվածի դեպքում բուժումը պետք է հիվանդանոցում իրականացնել` կյանքին սպառնացող վիճակները հսկողության տակ պահելու նպատակով: