Ստամոքսի խոցը քրոնիկ հիվանդություն է` ստամոքսի լորձաթաղանթի վրա պարբերաբար առաջացող տարբեր խորության ու տեղակայման խոցային ձևախախտումներով: Խոցերը բաց վերքեր են, որոնք առաջանում են աղաթթվի ազդեցությամբ ստամոքսի լորձաթաղանթի պաշտպանական հյուսվածքների խաթարման հետևանքով: Մոլորակի ազգաբնակչության 7-15 %-ը տառապում է այս հիվանդությամբ:
Խոցային հիվանդությունների առաջացմանը նպաստում են`
-մարսողական համակարգի քրոնիկ հիվանդությունները (գաստրիտ, հաստ աղիքի բորբոքում(կոլիտ), պանկրեատիտ, խոլեցիստիտ ևն),
— անկանոն ու ոչ ողջամիտ սնունդը,
— Helicobacter pylori մանրէով վարակումը,
-վնասակար սովորույթները (ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը),
-խոցառաջացմանը նպաստող դեղամիջոցների երկարատև օգտագործումը,
-ժառանգականությունը, հաճախակի սթրեսային իրավիճակները, որոնք դառնում են աղեստամոքսային տրակտի մկանների ու արյունատար անոթների կծկման պատճառ,
-ստամոքսի պատերի մեխանիկական վնասվածքը:
Հիմնական ախտանշաններն են.
Փորի ցավը, որը կարող է նման լինել այրոցքի, ծակծկոցի ու երբեմն կարող է ճառագայթել թիկունքին: Ամենատարածվածը, իհարկե, անմիջապես կրծքավանդակի տակից իրանի ձախ կողմ ձգվող ցավն է:
Մարսողության խանգարում, կրծքավանդակում այրոցի զգացում, հաճախակի բխկոցն ու զկրտոցը: Որոշ հիվանդներ բողոքում են խեղդվելու զգացողությունից:
Հիվանդները կարող են ունենալ այլ բողոքներ, որոնք թվում է, թե կապ չունեն բուն պատճառի հետ. գլխացավ, գլխապտույտ, հոգնածություն, թուլություն ու գունատություն: Ոմանք բողոքում են սննդի ընդունումից անմիջապես հետո փորի փքումից, մյուսներն էլ` ախորժակի բացակայությունից: Այս բոլոր գործոններն էլ կարող են հանգեցնել քաշի կորստի:
Խոցի կլինիկական պատկերը պայմանավորված է ինչպես դրա տեղակայման գործոնով, այնպես էլ հիվանդի տարիքով: Օրինակ` երեխաների մոտ ախտանշանները կարող են բացակայել: Դրանք կարող են նման լինել գաստրիտի կլինիկական պատկերին: Հիմնականում ցավը սկսվում է կրծքավանդակում՝ ուտելուց 2-3 ժամ հետո, հաճախ ունենում է «քաղցած» բնույթ, այսինքն` սնունդն ընդունելուց հետո ցավերը հանգստանում են կամ էլ անհանգստացնում գիշերվա ժամերին: Այս վիճակին բնորոշ են փորկապությունը, որովայնի փքումը, այրոցքը, զկրտոցը, սրտխառնոցը և փսխումը: Եթե ստամոքսի խոցն ընդհանրապես չբուժվի կամ էլ բուժվի ոչ լիարժեք, ապա հետևանքները կարող են լուրջ լինել, մինչև անգամ նորագոյացությունների պատճառ դառնալ, ազդել հիվանդի կյանքի որակի ու աշխատունակության վրա:
Երկրագնդի բնակչության մեծ մասի օրգանիզմում առկա է Helicobacter pylori -ի մանրէն: Դրա գոյության մասին հաճախ տեղեկանում են միայն այն ժամանակ, անհանգստություն է պատճառում: Հիշյալ մանրէն կարող է օրգանիզմում երկար ժամանակ «սուսուփուս» բնակվել. այն բավական թույլ հարուցիչ է: Սակայն երբ նպաստավոր պայմաններ են ստեղծվում, ինչպիսիք են, ասենք, սնման ռեժիմի խախտումը, զգայական լարվածությունն ու բարձր թթվայնությունը, մանրէն կարող է զարգանալ ու հանգեցնել խոցի կամ քաղցկեղի առաջացման: Համարվում է, որ մանրէով վարակման պատճառ կարող է դառնալ հիգիենայի կանոնների խախտումը: Helicobacter pylori մանրէն բնադրվում է օրգանիզմում ու կարող է երկար բնակվելայնտեղ, սակայն ճիշտ բուժման դեպքում արդյունավետությունը կազմում է 80-90%: