Փորկապությունն առողջական ամենատարածված խնդիրներից մեկն է:Մասնագետները կարծում են, որ աղիքների նորմալ կենսագործունեության համար օրական 3 անգամից շաբաթական 3 անգամ հաճախությամբ դատարկումն այսօր նորմալ է:
Խնդրի առաջացման հիմնական պատճառներից է աղիքների մկանների շարժունակության խանգարումը, աղիքներում կամ էլ հարակից օրգաններում կատարված փոփոխությունները, աղիքների պարունակության շարժումը խոչընդոտող արգելքները ևն: Բոլոր ախտանշանները կարող են տարբեր պատճառներ ունենալ, որոնցից են հոգեկան գերլարվածությունը ու դրանից բխող հետևանքները(դեպրեսիա, վախեր), հանգստի խանգարումները:
Անբավարար ֆիզիկական ակտիվությունը նույնպես լուրջ պատճառ է փորկապության առաջացման պարագայում. զբոսանքների, սպորտային մարզումների պակասը նույնպես աղիքների շարժունակության վրա բացասաբար է ազդում հատկապես տարեց ու ծեր մարդկանց մոտ:
Որքան էլ տարօրինակ է, ուշ արթնանալը կամ առավոտյան ցայտնոտը, աշխատանքի տարբեր հերթափոխերը, կյանքի ու աշխատանքի սովոր պայմանների փոփոխությունը, զուգարանի հակասանիտարական վիճակը, երբեմն էլ ամոթի զգացումը ևս կարող են փորկապության պատճառ դառնալ:
Ախտանշանները բազմազան են: Երբեմն հիվանդի միակ բողոքը փորկապությունն է, երբեմն էլ այդ բողոքները կարծես փորկապության հետ ոչ մի առնչություն չունեն: Հիվանդին անհանգստացնում է փորացավն ու որովայնի փքումը, ինչն անցնում է աղիքի դատարկման կամ էլ գազերի դուրսմղման հետ: Բավականին տանջալից ախտանշան է փորի փքումը (մետեորիզմ), ինչը պայմանավորված է կղանքի` աղիներով դանդաղ շարժման ու, հետևաբար, առատ գազառաջացման հետ: Փորի փքումը կարող է նաև այլ ախտանշաններով դրսևորվել. այն կարող է ուղեկցվել սրտի ցավով, սրտխփոցով ևն: Փորկապության պատճառով հնարավոր է` հիվանդի ախորժակի անկում լինի, բխկոց, բերանի տհաճ համ: Երբեմն աշխատունակության անկում է նկատվում, առաջանում են գլխացավեր, մկանային ցավեր, ընդհանուր նյարդայնություն, տրամադրության անկում, խանգարվում է քունը: Փորկապության հետևանքով փոփոխություններ կարող են լինել նաև արտաքինում, մասնավորապես մաշկը դառնում է գունատ:
Ժողովրդական միջոցներ
— Հալվեն մեղրով. 150 մլ հալվեի հյութը խառնել 30 գ մեղրի հետ: Հալվեն օգտագործելուց առաջ 2 շաբաթ չջրել: Իսկ շաքարակալած մեղրն օգտագործելուց առաջ հալեցնել: Ստացված միջոցն ընդունել օրական 2 անգամ` 1 ճաշի գդալ (առավոտյան քաղցած ստամոքսին ու գիշերը` քնելուց առաջ), ջրի հետ: Խառնուրդը պահել սառնարանում:
— Մեկ բաժակ մածունի մեջ մեկ ճաշի գդալ ձեթ խառնել ու քնելուց առաջ դանդաղ խմել:
— Մեկ ճաշի գդալ եղինջի վրա 200 մլ եռացրած ջուր լցնել ու թրմել 20 րոպե, քամել: Խմել օրական 3 անգամ` 1 ճաշի գդալ:
— Եթե փորկապությունը քրոնիկ բնույթ չունի, կարելի է շշի մեջ 2-3 մանր կտրատած սոխ լցնել, վրան բերնեբերան օղի կամ սպիրտ լցնել ու 10 օր արևի տակ կամ էլ տաք տեղ դնել: Ընդունել ճաշից առաջ` 10 կաթիլ:
— Քրոնիկ փորկապության դեպքում 1 թեյի գդալ վուշի սերմերի վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցնել, քամել պետք չէ, այն լավ կլինի խմել սերմերի հետ միասին. սովորաբար այս միջոցն օգտագործում են քնելուց առաջ