Ներկայում ողջ աշխարհում պարբերական հիվանդությամբ տառապողների 94%-ը էթնիկ հետևյալ խմբերի ներկայացուցիչներ են` հայեր, արաբներ, հրեաներ: Հիվանդանում են նաև հույները, իտալացիները, իսպանացիները` ավելի քիչ և այն երկրների ժողովուրդները, որոնք Միջերկրական ծովից այնքան էլ հեռու չեն գտնվում: Պարբերական հիվանդությունը կոչում են նաև Միջերկրածովյան ավազանի ժողովուրդների հիվանդություն: Հայաստանում պարբերական հիվանդությամբ հիվանդացությունը միջինը կազմում է 0,54- 0,61=%` տարեկան, իսկ հանրապետության որոշ շրջաններում այդ ցուցանիշը էականորեն բարձր է:
Այս հիվանդության նկատմամբ նախատրամադրվածությունը կանխորոշվում է հետևյալ գործոններով.
Ազգային պատկանելությունը
-ժառանգականությունը
— գենետիկ գործոնը (այդ թվում նաև` գենետիկ փոփոխություններն (մուտացիաներ)
-մարմնակազմությունը
-կենսագործունեության ու աշխատանքի առանձնահատկությունները
-շրջակա միջավայրը, ինչպես նաև կլիմայական ու կենսաշխարհագրական պայմանները:
Սակայն սրանց մեջ հիմնականը համարվում է ժառանգական գործոնը: Ժողովուրդը նույնիսկ մի խոսք ունի, որ հիվանդությունը փոխանցվում է “յոթը պորտով”:
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանն այն բնութագրում է որպես հին ժողովուրդների հիվանդություն: Արտահայտվում է որովայնի ու կրծքավանդակի շրջանում սուր ցավերով, ինչը հաճախ ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հոդացավերով, դողէրոցքով ու տևում է 1-3 օր: Ցավը կարող է առաջանալ ինչպես մեկ օրգանում, այնպես էլ ամբողջ մարմնում: Նոպաները լինում են տարբեր պարբերականությամբ, ամսական մեկ անգամից մինչև շաբաթական մեկ անգամ: Հենց դրանով էլ պայմանավորված է հիվանդության անվանումը: Որքան օրգանիզմն ախտահարված է, այնքան հաճախ են նոպաներ լինում: Առաջին ախտանշանները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում, սակայն` մինչև 20 տարեկան, հատկապես սեռահասունացման տարիքում: Հիվանդությունը նաև սեռով է պայմանավորված: Այսինքն, արական սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են հակված այս հիվանդությամբ հիվանդանալու, քան կանայք (81 հարաբերակցությամբ): հայաստանում մեծ թվով հիվանդներ են գրացված: Հարկ է նշել, որ այն մարզերում, որտեղ ավանդության կարգով չեն ամուսնանում այլ մարզերի ներկայացուցիչների հետ, մեծ թվով դեպքեր են գրանցվում:
Չնայած բազում հետազոտություններ են կատարվել հիվանդության էությունն ու պատճառները պարզելու ուղղությամբ, այնուամենայնիվ, մինչ օրս այն լրիվ ուսումնասիրված չէ: Հիվանդությունն անվանում են նաև ալեգիկ սերոզիտ, քանի որ որոշ դեպքերում որովայնամզում կուտակվում է հեղուկ, որը սուր ցավեր է առաջացնում: Նման ախտաբամություն ունի նաև թոքամզի բորբոքումը, ինչի պատճառով էլ այն հաճախ են շփոթում այդ հիվանդության հետ ու նշանակում ոչ համապատասխան դեղամիջոցներ:
Ուստի, բուժող բժիշկը պետք է առավելագույնս տեղեկացված լինի հիվանդության ծագման, տեղյակ լինի հիվանդի տարած հիվանդությունների, արյունակիցների մեջ առավել հաճախ պատահող հիվանդությունների մասին, քանի որ երբեմն, սխալ ախտորոշում է կատարվում ու, հետևաբար էլ սխալ բուժում է իրականացվում: Օրինակ, հաճախ պարբերական հիվանդությունը շփոթվում է ռևմատիզմի հետ: Իսկ սխալ ախտորոշման դեպքում հաճախ հիվանդը տարբեր օրգանների վիրահատության է ենթարկվում, որոնցից հետո էլ պատկերը մնում է նույնը, այսինքն` ցավերը չեն վերանում, նոպաները նույն պարբերությամբ կրկնվում են: հենց դրանով է պայմանավորված, որ պարբերական հիվանդությամբ տառապողներից 90 %-ի կույրաղիքը հեռացված է:
Վերջերս շրջանառվում է մի վարկած, որի համաձայն, պարբերական հիվանդությունն անմիջականորեն կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների հետ է կապված:
“Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքում կատարվում է պարբերական հիվանդության ախտորոշում, մեծ ուշադրություն է հատկացվում նաև հիվանդության հետևանքով առաջացող հնարավոր բարդություններին: Հնարավոր է, որ մոտ ապագայում այն լիարժեք ուսումնասիրվի:
Այդ իմաստով մեծ ձեռքբերում կարելի է համարել “Կոլխիցին” դեղամիջոցի ստեղծումը, որի օգնությամբ արդեն 30 տարի հնարավոր է դարձել հիվանդների տանջանքը մեղմելը:
Հիվանդության վաղ փուլում հայտնաբերման ու այդ դեղի նշանակմամբ կարելի է խուսափել այնպիսի հետևանքներից, ինչպիսիք են սրտի, երկամների, հոդերի, աղիքային տրակտի ու մյուս օրգանների ախտահարումը, ինչը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել:
Պետք է նշել, որ այս դեղամիջոցը հիվանդությունը չի բուժում, այլ զգալի թեթևացնում է հիվանդի վիճակը, նվազեցնում նոպաների հաճախությունը: Այս հիվանդությունից չեն մահանում, այլ ծանր վիճակ է ստեղծվում դրա բարդություններից, երբ ախտահարվում է ամբողջ օրգանիզմը: Դա գիտակցելով պետք է պարզապես ժամանակին դիմել մասնագետի` հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու նպատակով, առավել ևս, որ բուժհիմնարկներում “Կոլխիցինն” անվճար է տրվում հիվանդին:
Սակայն, Հայաստանում կանխարգելիչ նպատակներով մասնագետի դիմելու սովորություն չի ձևավորվում: Ցավոք, չկա նախկինում գործող ամենամյա պարտադիր ստուգման կարգը , ինչի պատճառով հիմա դիմում ենք մասնագետի հաճախ այն ժամանակ, երբ արդեն բժշկությունն անզոր է: