Ինչպես է նարգիլեն գործածվում: Եվ արդյոք ինչ ազդեցություն է թողնում: Նարգիլեի կողմնակիցներն համոզված պնդում են, որ այն ոչ միայն հաճելի է, այլև ծխախոտից ավելի անվնաս:
Նարգիլեի, ինչպես և ծխախոտի ու սիգարի օգտագործումը վատ սովորույթներ են, որոնցից մարդկությունը չի կարողանում ձերբազատվել: Կախվածությունն առաջանում է նիկոտինի ազդեցությամբ: Թոքերի միջոցով նիկոտինը թափանցում է արյան մեջ, որտեղից սկսվում է դրա դուրսբերումը, իսկ ծխող մարդու մեջ առաջանում է նիկոտինային քաղց. մարդը կրկին ծխելու պահանջ է ունենում: Թութունը միայն նիկոտինով չէ հարուստ. դրա բաղադրության մեջ մտնող խեժերը նույնպես ծխի միջոցով ներթափանցում են օրգանիզմ, կպչում անոթների պատերին ու նստում թոքերում, ինչն էլ իր հերթին կարող է շնչառական օրգանների, աթերոսկլերոզի ու քաղցկեղային հիվանդությունների պատճառ դառնալ:
Նարգիլեն ջրային զտիչով ծխամորճ է, որի համար նախատեսված թութունները կարող են տարբեր համեր ունենալ: Այժմ որոշ հետազոտողներ զգուշացնում են, որ նարգիլեի մեկ անգամ օգտագործումը հավասարազոր է երկու գլանակ ծխելուն, սակայն նարգիլեի համար նախատեսված թութունն իր խտությամբ ավելի թույլ է և բուրավետ: Այլ գիտնականներ հայտարարում են, որ նարգիլեի ծուխն իսկապես էլ մաքրվում է նիկոտինից ու խեժերից` խողովակից ջրին անցնելով, սակայն ոչ այնքան, որ հնարավոր լինի հայտարարել, թե սիգարետի համեմատությամբ այն առողջությանը վնաս չէ: Կես ժամ ծխելով` մարդը ստանում է այնքան նիկոտին, որքան ֆիլտրով երկու թունդ գլանակից: Ինչ վերաբերում է խեժի բացակայությանը, ապա դա նույպես թյուր տեղեկություն է, քանի որ խեժերը դժվար են լուծվում ջրում:Սակայն նարգիլեի ծուխն իսկապես էլ ավելի մեղմ է, քանի որ այն մոխրացող թութունի ու ջրի միախառնման արդյունք ՝է:
Նարգիլեի ու ծխախոտի հետևանքները հավասարազոր են. քաղցկեղային հիվանդություններ, թոքային, սրտի արյունատար անոթների հիվանդություններ, փոքր քաշով երեխաների ծնունդ և կախվածություն:
Հետաքրքիր հայտարարություն են արել կանադացի գիտնականները: Հետազոտությունների արդյունքներն անմխիթարական էին. որոշ ժամանակահատվածում նարգիլեի սիրահարի թոքեր ընկած (CO) ածխածնի օքսիդի պարունակությունը երեք անգամ գերազանցում է նույն ժամանակահատվածում ծխած սիգարետի խտությանը: Նրանք անհանգստություն են հայտնում, մոտ ժամանակներս Եվրոպայում ու Կանադայում կարող է մի սերունդ ծնվի, որը թութունի կախվածություն կունենա: Գիտնականների համոզմամբ, նարգիլե ծխողները հետագայում կարող են հոգեմետ դեղորայք ընդունել: Քանի որ այս սովորույթն արմատախիլ անելու համար երկար ժամանակ է հարկավոր, ուստի փորձենք դրա հասցրած վնասները նվազեցնել մի քանի խորհուրդներով:
Օգտագործեք նարգիլեի միայն բարձրորակ թութուն, պարբերաբար մաքրեք, լվացեք սարքի մասերը, նարգիլե ծխելու հետ միաժամանակ ալկոհոլային խմիչքներ մի օգտագործեք, նախապատվությունը տվեք թեյին ու լիմոնադին: Անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց հետ մեկ ընդհանուր ծխափողից մի օգտվեք:
Զարմանալի կլիներ եթե նարգիլեի ջրամանը, բացի ջրից, այլ հեղուկներով չլցվեր. նարգիլեի գիտակները կտրականապես անթույլատրելի են համարում ջրամանում ջրի փոխարեն թունդ սպիրտային խմիչքների կիրառումը. հետևանքները կարող են ողբերգական լինել: