տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Նանոտեխնոլոգիայի դարաշրջանի հիվանդությունները

Բժշկի անկյուն. Նանոտեխնոլոգիայի դարաշրջանի հիվանդությունները

150
0

imageresizer

21-րդ դար.2015 թ.վիրտուալ աշխարհների, սոցցանցերի, սթրեսների, էկոլոգիական անբարենպաստ պայմանների ու բնության անոմալիաների ժամանակաշրջան: Հին հիվանդությունների դեմ առաջվա պես պայքարելու ու նոր հիվանդություններին դիմակայության մարտավարության մշակման շրջան: Իսկ հավերժական կյանքի գաղափարն դեռ ֆանտաստիկա է, երկար ու առողջ կյանքը` ցանկություն: Անցյալում համաճարակների պատճառով միլիոնավոր մարդիկ են մահացել, շատերն էլ հաշմանդամ դարձել: Իսկ ինչ հիվանդություններ են տարածված մեր ժամանակներում: Այսօր էլ ժանտախտից ու խոլերայից միլիոնավոր մարդիկ են մահանում: Մահացությունների 55%-ը սիրտ-անոթային հիվանդությունների հետևանք են, իսկ շնչառական համակարգի հիվանդությունները XXI դարում ամենատարածվածն են: Բնականաբար, այսօր մեծ է կենսակերպի ազդեցությունը: Մենք շնչում ենք մեքենաներից արտանետված գազերը, աշխատանքային օրն անցկացնում գրասենյակներում, որոնք հատկապես ցուրտ սեզոնին գրեթե չեն օդափոխվում: Արտաքին ազդակների ու օդորակիչների աշխատանքի հետևանքով օրգանիզմի արդեն թուլացած պաշտպանությունն այլևս չի դիմադրում ախտածին մանրէների ներթափանցմանն ու բազմացմանը: Դեռևս չկան մահասփյուռ հիվանդությունների բուժման արդյունավետ միջոցներ: ՁԻԱՀ-ը, չնայած բացահայտվել է 1983-ին, մինչ օրս իր դիրքերը չի զիջել: Հիվանդությունների մեծ մասը կարելի է ինտերնացիոնալ համարել.դրանցից է քաղցկեղը: Վիճակագրության համաձայն այս հիվանդությունը տարածված է շատ ծխող երկրներում, կաթնագեղձի քաղցկեղը` այն երկրներում, որտեղ կանայք մեծ տարիքում են ծննդաբերում: Ենթաստամոքսագեղձի քաղցկեղ հաճախ է հանդիպում ԱՄՆ-ի, Դանիայի ու Կանադայի բնակչության շրջանում, ինչը, ըստ ամենայնի, սնման մշակույթի հետևանք է: Այսօր լուրջ խնդիր է համարվում նաև անպտղությունը: Դժվար է ստույգ թվեր բերել, սակայն հայտնի է, որ ողջ աշխարհում անպտղության հարցով մասնագետներին դիմումների քանակն է ավելացել: Նյարդային համակարգի հիվանդություններն աճով թվարկված հիվանդությունների ցուցակում ամենևին զիջող դիրքերում չեն: Կյանքի կատաղի ռիթմը, գլոբալիզացիան, տեխնոլոգիական առաջընթացը մարդուց պահանջում են ճկունություն, կյանքի փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակություն, ինչն էլ հաճախ առողջության հաշվին է կատարվում: Բնական հարց է ծագում` պետք է արդյոք տիեզերական արագությամբ ապրել մեզ ընձեռված կյանքի կտորը` վերածվելով ֆանտաստիկ պատմության հերոսների: Գուցե փորձենք ինքներս կարգավորել այս խելացնոր ռիթմը` սկսելով նորմալ ու լիարժեք քնից, անշտապ ապրենք` ժամանակ տրամադրելով նախաճաշին ու ճաշին, զբոսնենք ու դրական զգացումներ ստանանք: Մի խոսքով` փորձենք ապրել մարդավայել կյանքով հենց այսօրվանից: