Գորտնուկները հիմնականում մաշկի կամ էլ լորձաթաղանթի բարորակ գոյացություններ են: Առաջացման պատճառը պապիլոմայի մանրէով մաշկի վարակումն է, որի բազմացման համար նպաստավոր են հատկապես խոնավ պայմանները . այդպիսիք են հասարակական բաղնիքները, լոգարաններն ու հանդերձարանները: Գորտնուկները մաշկի վրա առաջացած անհարթ և ուռուցիկ կամ պտկիկանման հանգույցներ են, որոնք հանդիպում են կղզյակներով` կուտակումների տեսքով կամ մեկական: Տարբերում են սովորական, հարթ և ծերունական գորտնուկներ:
Դրանցից առաջիններն այլ կերպ կոչվում են նաև պատանեկան գորտնուկներ, առաջանում են ձեռքի դաստակներին, ոտնաթաթերին, մատներին ու հիմնականում կոշտ են լինում:
Երբեմն առաջանում են ներբաններին, կոշիկի հարած տեղում ու հատկապես ուժեղ քրտնող մարդկանց մոտ: Շատ կոշտ, մոխրագույն ու եղջրացած գորտնուկները շատ ցավոտ են լինում, որոնք խանգարում են քայլելիս ու երբեմն էլ կարող են ժամանակավոր անաշխատունակության հանգեցնել: Ոտնատակին առաջացած գորտնուկները լինում են հարթ մակերեսով ու կարծր, քանի որ անընդհատ ուժեղ ճնշման տակ են գտնվում: Դրանք կոչվում են եղջրային ու հիմնականում առանց որևիցե միջամտության էլ անցնում են: Սակայն երբեմն կարող երկար տարիներ անհանգստացնել կամ էլ ժամանակ առ ժամանակ հայտնվել ու անհետանալ:
Իսկ եթե այն ցավ է պատճառում, ուրեմն հարկավոր է դիմել բժշկի. մասնագիտական ցուցումներով ու միջամտությամբ կարելի է ազատվել անհարմարության զգացում ու տհաճություն պատճառող կոշտուկից:
Բարդությունը գորտնուկների տարածումն է մարմնի մյուս հատվածների վրա:
Ծերունական գորտնուկները վիրուսային ծագում չունեն:
Ինչ կարող ենք անել մենք ինքներս.նախ` գորտնուկը չի կարելի կտրել, քանի որ դա կնպաստի վարակի տարածմանը: Մինչ տեղային կիրառման միջոցներ ընդունելն ու նաև, երբ այն ցավ ու անհարմարություն է պատճառում, պետք է դիմել բժշկին:
Նա կարող է հեռացնել գորտնուկը սառեցման մեթոդով (հեղուկ ազոտի կիրառմամբ), թթվով , հոսանքի կամ լազերի միջոցով այրելով: Երբեմն պատահում է, որ մեկ գորտնուկը բուժելուց հետո անհետանում են մնացածները:
Ծերունական գորտնուկները, որոնք առաջանում են 40-ն անց տարիքում, հիմնականում լինում են մեջքին ու կրծքին: Դրանք լինում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, սակայն վերջիններիս մոտ` ավելի հաճախ:
Կանխարգելիչ միջոցներ
Խուսափեք գորտնուկներ ունեցող մարդկանց հետ ուղիղ շփումից: Երբեք ուրիշի կոշիկ, գուլպաներ մի հագեք, եթե մանավանդ գիտեք, որ նրանք գորտնուկ ունեն: Հասարակական բաղնիքում, լողավազանում ու հանդերձարանում երբեք ու ոչ մի դեպքում բոբիկ մի քայլեք:
Ահա գորտնուկներից ազատվելու մի քանի ժողովրդական միջոց .
— թեյածառի յուղ (այսօր այն հասանելի է բոլորին): Երկու անգամ քսելուց հետո արդեն արդյունքը տեսանելի է դառնում: Գորտնուկը գնալով փոքրանում է ու մի օր էլ կարող է հայտնաբերեք, որ այն լրիվ անհետացել է:
-Որոշ դեպքերում էլ օգնում է գերչակի յուղը: Պետք է պարզապես գորտնուկը կամ էլ պապիլոման տրորել գերչակի յուղով թաթախված բամբակով, շաբաթական երկու անգամ:
Ժողովրդական միջոցներից է նաև սխտորաբուժումը. դրա համար ամեն օր պետք է կիսած սխտորով տրորել գորտնուկները:
Ի դեպ, ժողովրդական բժշկությունն ասում է, որ գորտնուկների բուժման հաջողությունը կախված է լուսնի փուլերի հետ. պնդում են, որ պետք է բուժումը սկսել լիալուսնից նորալուսին ընկած փուլում` (նվազող լուսնի ժամանակ) ու կտրականապես արգելվում է աճող Լուսնի փուլում կատարվող բուժումը: