Ի՞նչ է այրոցքը և ինչո՞ւ է առաջանում: Ինչ է կատարվում օրգանիզմում այրոցքի ժամանակ:
Ստամոքսահյութի աղաթթվի ազդեցությունը կերակրափողի լորձաթաղանթի վրա առաջացնում է այրոցք:
Այրոցք կարող է ունենալ նաև առողջ մարդը` սխալ սնվելու, չոր սննդի կամ էլ կծու ուտելիքի հետևանքով: Իսկ եթե այրոցքի երևույթները հաճախակի են, ապա պետք է հետազոտվել: Այրոցք կարող է առաջանալ մարսողական տրակտի հիվանդությունների` քրոնիկ գաստրիտի, ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցերի ևն: Սակայն երբեմն այրոցքը կարող է սրտային հիվանդության մասին հուշել: Իսկ ավելի ստույգ այրոցքի առաջացման պատճառը պարզելու համար մասնագետին դիմեք:
Եթե այրոցքը հազվադեպ է առաջանում, ուրեմն անհանգստանալու պատճառ չունեք, սակայն հետևեք օրաբաժնին, նվազեցրեք կամ էլ բացառեք յուղոտ, ապխտած սնունդն ու կծուն: Հրաժարվեք արագ սննդից, ծխախոտից ու սպիրտային թունդ խմիչքներից, որոնք ուշ թե շուտ ի վերջո հանգեցնում են ստամոքսի հիվանդության, հետևաբար և այրոցքի: Սակայն այրոցքը կարող է հոգեվիճակի հետևանք լինել, ասենք` սթրեսի:
Արդյունավետ է հետևյալ միջոցը. ուտելուց 5-10 րոպե հետո 1 թեյի գդալ զեյթունի ձեթ կուլ տվեք, նույնը կարելի է անել նաև առավոտյան, քաղցած ստամոքսին:
Ոմանց օգնում է կաթը, մյուսներին` հանքային ջուրը: Օգնում է սոդայի թույլ լուծույթը, որը չի կարելի չարաշահել: Սակայն չարժե մոռանալ, որ սոդայալուծույթի չարաշահումը կարող է ընդամենը խորացնել խնդիրը:
Անկախ այն հանգամանքից, թե որքան հաճախ է այրոցքը մեզ տանջում, այդ տհաճ երևույթի դեմ պայքարը մեզանից պահանջում է կենսակերպի փոփոխություն: Կարող է անհեթեթ թվալ, բայց քիչ դեր չունի նաև մեր հագուստը:
Ուրեմն թվարկենք այրոցքից ազատվելու նախապայմանները:
Չափավոր սնունդ. մեծ կերաբաժինը (ձեզ համար) կարող է այրոցքի պատճառ լինել, քանի որ ստամոքսը կերակրափողից տարանջատող հատվածը թուլանում է` այդպիսով հնարավորություն տալով ստամոքսահյութի թթվին հայտնվելու կերակրափողի հիմնային միջավայր: Դրա համար էլ խորհուրդ են տալիս ուտել քիչ չափաբաժինններով, բայց հաճախ ու քնելուց առնվազն 2 ժամ առաջ: Հաճախակի այրոցքները խոսում են բարձր թթվայնության մասին:
Որոշ սննդամթերքներ կարող են ուժգնացնել այրոցքը: Դրանցից են մեծ քանակությամբ համեմունքներով մթերքը, կարմիր յուղոտ միսը, ցիտրուսները, հում սոխը, սխտորը, լոլիկը, կարագը, դաղձը, շոկոլադը, սուրճը, քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքները: Եթե այրոցքի զգացում հաճախ եք ունենում, ուրեմն նվազագույնի հասցրեք թվարկված մթերքների քանակը:
Ժամանակին կատարված հետազոտություններով ապացուցվել է, որ պարբերաբար ալկոհոլ օգտագործողների մոտ այրոցքի երևույթն ավելի հաճախ է հանդիպում:
Ասվեց, որ ծխելը նպաստում է այրոցքի առաջացմանը. ստիպում է , որ լեղին բարակ աղիքից տեղափոխվի ստամոքս, կրճատի թքարտադրությունը (չէ՞ որ թուքն օգնում է կերակրափողից լվանալ թթուն, բացի այդ, թքի մեջ թթուն չեզոքացնող բնական միջոց` երկկարբոնատ կա):
Եթե այրոցքը գաստրիտի, ստամոքսի խոցի հետևանք է, ապա կարելի է օրական 3-4 անգամ քառորդ բաժակ հում կարտոֆիլի հյութ խմել, մոտ 3 շաբաթ: Տվյալ միջոցը կիրառվում է ուտելուց 20 րոպե առաջ:
Բարերար ազդեցություն է ունենում մաղադանոսի թուրմը: Պատրաստելու համար հարկավոր է ընդամենը 2 թեյի գդալ մանրացրած արմատ, որի վրա եռման ջուր է լցվում: Թրմել կես ժամ, ապա խմել 0,5 բաժակ` օրական 3 անգամ:
Այրոցքից կազատի շատ պարզ մի բաղադրատոմս. մեկ ճաշի գդալ ցորենի ալյուրը պետք է լուծել մեկ բաժակ ջրի մեջ, խմել օրական 3-4 անգամ` մեկ ամիս:
Բուժման ժամանակ պետք է խուսափել կծու, թթու, աղի կերակուրներից ու սոդայից, գրում է econet.ru-ն: