Երբ անհասկանալի պատճառով ցավում է գլուխը կամ էլ անառիթ նյարդային եք, քնկոտ կամ էլ անքուն առանց առերևույթ պատճառի` հնարավոր է պարզապես եղանակային կախվածություն ունեք, որը կարելի է նկարագրել նաև որպես մարդու օրգանիզմի հիվանդագին արձագանքը եղանակային երևույթներին: Տարբերում են այդ ռեակցիայի 3 աստիճան: Մարդու օրգանիզմի վրա ազդող եղանակային պատճառները կարող են ակնհայտ լինել` ինչպիսիք են ջերմաստիճանի տատանումները, տեղումներն ու խոնավությունը, մագնիսական դաշտի լարվածությունը, ռադիոակտիվությունը: Այդ գործոններից յուրաքանչյուրը կարող է այս կամ այն աստիճան ազդեցություն ունենալ ինքնազգացողության վրա: Եղանակի էական փոփոխությունների դեպքում մեր մարմնի պաշտպանական մեխանիզմը պետք է արագ ու ճշգրիտ գործընթացներ գործարկի` օրգանիզմի լավ ինքնազգացողության համար: Իսկ երբ հոգնած կամ էլ անառողջ օրգանիզմն է նման աշխատանք ձեռնարկում, ապա այդ պրոցեսների գործարկումը կարող է դանդաղել: Դա կհուշի, որ օրգանիզմում ինչ որ բան այնպես չէ: Իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունների դեպքում էլ առաջանում են հետևյալ ախտանշանները` գլխացավ, թուլություն, քնկոտություն ու ուժերի անկում: Դրանք` օրգանիզմի առանձնահատկություններից կախված, տարբեր կարող են լինել և քրոնիկ հիվանդությունների սրացում նույնպես կարող է առաջանալ:
Ըստ բժշկական տվյալների, եղանակային անկայունությանը վատ է արձագանքում բնակչության 70%-ը: Դա հատկապես տեղի է ունենում լրացուցիչ ծանրաբեռնվածության պայմաններում, ասենք` հոգեբանական սթրեսի ժամանակ, հիվանդությունից հետո վերականգնման փուլում, քրոնիկ հիվանդությունների դեպքում, հորմոնալ վերակառուցման շրջանում ու կլիմայափոխման պարագայում:
Հարմարվելու գործընթացը հաճախ դանդաղում է անսովոր կլիմայի պայմաններում: Դրա համար, երբ տվյալ տեղանքին ոչ բնորոշ կլիմայական փոփոխություններ են առաջանում, օրգանիզմը ստիպված է հարմարվել նոր արտաքին պայմաններին: Երբ մարդն առողջ է` հարմարվելու գործընթացը թեթև է ընթանում ու արագ` առանց հիվանդագին զգացումների:
Որոշ հետազոտությունների համաձայն, եղանակային փոփոխություններին սուր են արձագանքում խոցվող, անհավասարակշիռ հոգեկան ունեցող մարդիկ:
Իսկ այդ կախվածությունը վերացնելու նպատակով նախ պետք է օրգանիզմը կոփել ու ամրապնդել. մարմնամարզություն անել, լիարժեք քնել, զբոսնել մաքուր օդին, առողջ սնունդ ընդունել և ընդհանրապես` կյանքի նկատմամբ դրական տրամադրվածություն ունենալ:
Օրգանիզմի կոփումը պետք է սկսել քիչ-քիչ` կոնտրաստային ցնցուղից (եթե իհարկե հակացուցումներ չկան), առավոտյան զբոսանքից: Իսկ եթե արդեն տհաճ ախտանշաններ կան, ապա, օրինակ` քնկոտության ու արյան ցածր ճնշման դեմ կօգնի քաղցր թեյն ու սուրճը, նյարդայնության ու գերգրգռվածության դեմ` հանգստացնող ազդեցությամբ բուսաթեյերն ու տաք կաթը: Նվազեցրեք ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածությունը, փորձեք հրաժարվել աղի ու ճարպոտ սննդից: Քրոնիկ հիվանդությունների դեպքում հարկ է խորհրդակցել մասնագետի հետ: Իսկ եթե եղանակով պայմանավորված ծանր վիճակներ եք ունենում, ապա կազմեք եղանակի տատանումներով օրացույց, ինչը որ անում են տարեցները, և փորձեք նախապես , բժշկի հետ համաձայնեցված կանխարգելիչ միջոցառումներ գործի դնել կամ գոնե նվազեցնել ռիսկերը: