Շարունակվում են 2016թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որտեղ գալիք բյուջեի «լավ ու վատ կողմերը» հիմնականում դիտարկվում են ըստ բյուջետային ծախսերի գործառական ոլորտների: Այժմ տեսնենք, թե ինչպիսի փոփոխություններ է ենթադրում 2016թ.-ի պետական բյուջեն, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական հոդվածների դասակարգման:
Եվ այսպես, ըստ 2016 թ.-ի պետական բյուջեի նախագծի, բյուջետային ծախսերը կազմելու է 1 տրիլիոն 373,7 մլրդ դրամ, որը 2015թ.-ի հաստատված պետական բյուջեի ծախսերը գերազանցում է 68,1 մլրդ. դրամով: Նախ ցույց տանք հիմնական բյուջետային կրճատումները: Մոտ 120,5 մլրդ. դրամով կրճատվելու են՝ «Ծառայությունների և ապրանքների ձեռքբերում» ծախսերը, որը գալիք տարի կազմելու է 122,3 մլրդ. դրամ:
Այստեղ 88 մլրդ. դրամով կրճատվելու է «պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում» ծախսերը: Մոտ 27,2 մլրդ դրամով կրճատվելու են նաև «նութեր» հոդվածի վրա կատարվող ծախսերը: «Գործուղումների եւ շրջագայությունների» վրա կատարվող ծախսերը զգալի փոփոխություններ չեն կրելու և ընթացիկ տարի կազմելու են՝ 4,2 մլրդ դրամ, որը պակաս կլինի ընթացիկ տարվա համապատասխան հոդվածի ծախսերից՝ ընդամենը 0,2 մլրդ դրամով: Կարճ ասած, Կառավարությունը փորձում է պայմանագրային այլ ծառայությունների և նյութերի ձեռք բերման ծախսերի կրճատման հաշվին լուրջ խնայողություններ կատարել:
Մի շարք հոդվածներով նախատեսվում է բյուջետային ծախսերի աճ: «Աշխատանքի վարձատրության» ծախսերը ավելանում են 1,1 մլրդ դրամով և այն կազմելու է՝ 134 մլրդ դրամ: Բյուջետային ծախսերի աճ կլինի՝ «Տոկոսավճարների» ծախսերի պահով, որի աճը կազմելու է 25,6 մլրդ դրամ և այն նախատեսվում է, որ կկազմի 99,3 մլրդ. դրամ:
Զգալիորեն աճելու են նաև «Սուբսիդիաները»՝ 90,2 մլրդ. դրամով և այն կազմելու է 122,9 մլրդ. դրամ: Դրան հակառակ, մոտ 3,2 մլրդ. դրամով նվազելու են «Դրամաշնորհներ» հոդվածի ֆինանսական հատկացումները, որը գալիք տարի կազմելու է 131,2 մլրդ. դրամ: Միաժամանակ 14,6 մլրդ. դրամով ավելանալու են «Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ» հոդվածով ֆինանսական հատկացումները, որը կկազմի 413,8 մլրդ դրամ: Աճելու են նաև «Այլ ծախսերը» հոդվածի հատկացումները՝ մոտ 40 մլրդ դրամով, որը կազմելու է 221,1 մլրդ դրամ:
Իսկ «Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները» վրա կատարված ծախսերը կավելանան մոտ 20,2 մլրդ դրամով, հասնելով՝ 129,3 մլրդ դրամ՝ այստեղ այս ծախսերի աճը հիմնակնում ուղղվելու է «շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման» ծախսերի ավելացմանը (աճը՝ 12,3 մլրդ. դրամ), ինչպես նաև «մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, պահպանման և հիմնանորոգման» վրա ծախսերի ավելացմանը (աճը՝ 10,8 մլրդ. դրամ): Միաժամանակ այստեղ 3,7 մլրդ դրամով նախատեսվում են կրճատումներ «շենքերի և շինությունների շինարության» ծախսերում:
Այստեղից կարելի է ամփոփել, որ Կառավարությունը ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ «դրամաշնորհների» կրճատման (նվազում 3,2 մլրդ դրամով) և «ծառայությունների և նյութերի ծախսերի» կրճատման հաշվին (նվազում 120,5 մլրդ դրամ) փորձում է խնայողություններ կատարել և դրա, ինչպես նաև 68,1 մլրդ. դրամի լրացուցիչ ծախսերի ավելացման հաշվին (հիմնականում արտաքին փոխառությունների հաշվին), այդ միջոցները ուղղորդել «սուբսիդավորմանը»՝ (աճը 90,2 մլրդ դրամ), «սոցիալական ծախսերին» (աճը 14,6 մլրդ դրամ), «տոկոսավճարներին» (աճը 25,6 մլրդ դրամ), «այլ ծախսերին» (աճը 40 մլրդ. դրամ), ինչպես նաև «ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին» (աճը 20,2 մլրդ դրամ):
Այլ խոսքերով ասած, պետությունը որոշ խնայողություններ է անելու, ապա լրացուցիչ պարտք է վերցնելու, որպիսի սուբսիդավորի պետական կազմակերպություններին, սպասարկի արտաքին պարտքը, ավելացնի սոցիալական ծախսերը, ինչպես նաև կապիտալ վերանորոգման ենթարկի հին շենքերը և շինությունները: