տուն Լուրեր Բյուջեի գումարների գրեթե 46 տոկոսը ուղղված է սոցիալական բնագավառի ծախսերի ֆինանսավորմանը

Բյուջեի գումարների գրեթե 46 տոկոսը ուղղված է սոցիալական բնագավառի ծախսերի ֆինանսավորմանը

100
0

34

Ազգային ժողովի հանձնաժողովներում վաղվանից սկսվում են 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Դրանք կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 6-ը, որից հետո փաստաթուղթը կներկայացվի նոյեմբերի 10-ին մեկնարկող հերթական քառօրյայում։

Հաջորդ տարվա պետական բյուջեի ինչպես տնտեսական, այնպես էլ ֆինանսական ակնկալիքները շատ մեծ չեն։ Բայց դրանք ուղղակիորեն կապված են այս տարվա մակրոտնտեսական իրավիճակի հետ՝ կրելով առաջին հերթին արտաքին հատվածի ազդեցությունը։

Դեռ տարեսկզբից Հայաստանում տնտեսական գործընթացներն այնքան էլ բարենպաստ չդասավորվեցին։ Հատկապես հիմնական գործընկեր երկրներում ի հայտ եկած բացասական գործոնները մեծապես ազդեցին ակնկալվող զարգացումների վրա։ Վերջին ամիսներին անընդմեջ նվազում են ռուսական շուկայից Հայաստանի տնտեսության մեջ եկող կապիտալի հոսքերը։

Մի կողմից համաշխարհային շուկայում էժանանում է նավթը, որի իրացումից ստացվող ռեսուրսը դարձել է Ռուսաստանի տնտեսությունը եւ պետական բյուջեն սնող հիմնական կապիտալը, մյուս կողմից՝ շարունակում է արժեզրկվել ազգային արժույթը։ Այս երկու գործոնները կրճատել են ռուսական շուկայի հետ փոխկապակցված Հայաստանի տնտեսության ակնկալիքները։

Հաջորդ տարվա տնտեսական գործընթացների առումով որոշակի անորոշություններ են առկա նաեւ ԵՏՄ անդամագրման հետ կապված։ Ակնկալվում է, որ տարեսկզբից Հայաստանի տնտեսությունը կսկսի գործել նոր իրողությունների պայմաններում, որին դեռ պետք է հարմարվել։

ԵՏՄ-ին անդամագրումը ենթադրում է որոշակի փոփոխություններ նաեւ պետական բյուջեի եկամուտներում։ Ակնկալվում է, որ այն դրական կարտահայտվի հատկապես մաքսատուրքերի վրա։ Ինչպես հայտնի է, միության կազմում Հայաստանին տրվել է միասնական գանձարանում հավաքվող մաքսատուրքերի 1,13 տոկոսը, ինչը, նախնական գնահատումներով, հավելյալ մուտքեր կապահովի բյուջեի համար։

Փոխվում է նաեւ ավելացված արժեքի հարկի մուտքերի կառուցվածքը։ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների համար այլեւս սահմանի վրա ԱԱՀ չի գանձվի։ Դա կտեղափոխվի ներքին հարկային դաշտ։ Այն, անշուշտ, որոշակի բարդություններ կստեղծի հարկային վարչարարության առումով՝ մեծացնելով բյուջետային մուտքերի ապահովման ռիսկերը։ Սակայն մյուս կողմից՝ կունենա նաեւ նպաստավոր տնտեսական նշանակություն։ Մասնավորապես դրանով տնտեսավարողները ստանում են լրացուցիչ շրջանառու միջոցներ, որոնք կարող են ուղղվել սեփական տնտեսական գործունեության ընդլայնմանն ու ակտիվացմանը։

Որքանո՞վ այս գործոնները կփոխեն հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի հիմնական ցուցանիշները՝ պարզ կդառնա հետագայում։ Մինչ այդ, կառավարությունը նախատեսել է ապահովել 1 տրիլիոն 184,5 մլրդ դրամի մուտքեր եւ կատարել 1 տրիլիոն 298,6 մլրդ դրամի ծախսեր։ Բյուջեի գումարների գրեթե 46 տոկոսը ուղղված է սոցիալական բնագավառի ծախսերի ֆինանսավորմանը։ Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության եւ ազգային անվտանգությանը տրվել է բյուջետային միջոցների 21,4 տոկոսը։ Ծախսերի 5,7 տոկոսը կկլանի պետական պարտքի սպասարկումը։

 

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ