տուն ժամանց Բուռն քննադատություններից հետո էլ հետ չեմ կանգնելու, հաջորդ տարի էլ է մրցույթը...

Բուռն քննադատություններից հետո էլ հետ չեմ կանգնելու, հաջորդ տարի էլ է մրցույթը լինելու

89
0

11

Ես այդ քննադատություններին պատրաստ էի, միշտ էլ ցանկացած հաղթողի քննադատել են: Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Միսս Արմենիա-2017» մրցույթից հետո հնչած քննադատություններին և բացասական կարծիքներին, ասաց «Միսս Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան-1997» Գոհար Հարությունյանը:

«Մեր ժամանակ էլ է այդպես եղել, պարզապես այն ժամանակ սոցցանցերի քննադատությունների հնարավորություն չի եղել: Ես մասնակիցներին էլ էի ասել, որ ցանկացած հաղթող արժանանալու է այդ քննադատություններին, մինչև ժամանակ չանցնի, և հաղթողն արդեն միջազգային մրցույթներում չապացուցի, որ ինքն արժանի էր: Եվ մենք հիմա աշխատում ենք, որպեսզի Լիլին ունենա լավ ֆոտոսեսիաներ, արդեն նրա նկարը տեղադրել ենք «Միսս աշխարհի» կայքում, և միանգամից կարծիքները կարծես փոխվել են»,- նշեց մեր զրուցակիցը:

Այնուամենայնիվ, Գոհար Հարությունյանի խոսքով` կարևորը միջազգային մրցույթներում մասնակցություն ունենալն է. «Կարևորագույն քայլը միջազգային մրցույթներում Հայաստանը ներկայացնելն է: Վիրավորական էր, երբ այսքան մեծ աշխատանք էր տարվել, այդքան գեղեցիկ բաներ կային, բայց հանդիսատեսը միայն վատն էր տեսնում` ինչպես ծրարն ընկավ, կամ փոքրիկ թերություններ: Եվ, այո՛, բուռն քննադատություններից հետո էլ, ես հետ չեմ կանգնելու, և հաջորդ տարի էլ է մրցույթը լինելու»:

Գոհար Հարությունյանը նաև ընդգծեց, որ կցանկանար հաջորդ տարի ավելի շատ մասնակիցների տեսնել. «Երբ քննադատում էին հաղթողին, ոչ ոք միանշանակ չէր ասում, թե ով պետք է հաղթի: Ասում էին` փողոցում ավելի լավ աղջիկներ կան, բայց մենք չենք կարող փողոցի աղջիկներին բերել բեմ, եթե իրենք չեն եկել: Մենք ընտրել ենք այն աղջիկներից, ովքեր համարձակություն են ունեցել բեմ դուրս գալ: Եվ շատ են քննարկում, բոլորի մեջ գեղեցկությունն անտեսելով, միայն տգեղն են տեսնում»:

Էմմա Հովսեփյան