տուն Քաղաքական Միջազգային Բունդեսթագում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին քննարկում

Բունդեսթագում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին քննարկում

98
0

220781-bundestagheaderԳերմանիայի Բունդեսթագում փետրվարի 25-ին կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը՝ հարգանքի տուրք մատուցելով 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է Բունդեսթագի պաշտոնական էջը:

Քննարկումը նախաձեռնել է Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունը, որի համանախագահն ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրն է: Հարցի քննարկմանը կտրամադրվի 45 րոպե:

«Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունը և դրա համանախագահը բազմիցս դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ հորդորելով Թուրքիային ընդունել պատմական իրողությունն ու առերեսվել կատարվածին:

Գերմանիայի խորհրդարանը 2005 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում: Բունդեսթագի որոշման մեջ, սակայն, չի օգտագործվել Հայոց ցեղասպանություն եզրը, այլ նշվել է «հայերի կոտորածներ»: 2015 թվականի մարտին Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը  հայտարարել էր, որ «Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ուենցածը ցեղասպանություն էր: Եվ դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»:

Ապրիլի 24-ին Բունդեսթագում լսումներին ընդառաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ ինքն այն պատգամավորների կողքին է, ովքեր կողմ են հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» անվանելուն: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված արարողության ժամանակ իր ելույթում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը: