տուն Լուրեր Բունդեսթագի պատգամավորը ողջունել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը

Բունդեսթագի պատգամավորը ողջունել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը

126
0

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը ողջունել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրման փաստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է պատգամավորի գրասենյակի կողմից տարածած հայտարարության մեջ:

«Ես ողջունում եմ ԵՄ-ի և Հայաստանի միջև բանակցությունների հաջող ավարտը, համագործակցության համաձայնագրի ստորագրումը մեծ հաջողություն է Հայաստանի համար: Ես վստահ եմ, որ այդ երկիրը շարունակելու է բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում՝ համաձայնագրին համապատասխան: Բացի այդ, տվյալ համաձայնագիրը հզոր գործիք է ԵՄ հետ հարաբերությունների խորացման, ժողովուրդների միջև հարաբերությունների ինտենսիվացման և նոր տնտեսական հեռանկարներ բացելու տեսանկյունից»,- ընդգծել է Վայլերը:

Նա նշել է, որ Արևելյան գործընկերությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ: Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ Եվրամիության հետ հարաբերությունների սերտացումը չի բացառում համագործակցությունը Ռուսաստանի հետ. Հայաստանը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է:

«Մեր նպատակն է ուժեղացնել տարածաշրջանի երկրները և առաջ մղել համագործակցությունը նրանց շրջանում: Ուրախ եմ, որ Հայաստանի հետ մենք կարողացանք հերթական հաջողությունը գրանցել Արևելյան գործընկերությունում»,- հայտարարել է Բունդեսթագի պատգամավորը: