Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը գերմանական Frankfurter Allgemeine-ին տված հարցազրույցում Ռուսաստանին անվանել է ազգայնական ագրեսիվ պետություն:
«Մենք բոլորս ցանկանում ենք որպես գործընկեր դիտարկել այն երկիրը, որն աշխարհին Չայկովսկի, Տոլստոյ և Դոստոևսկի է տվել: Սակայն փաստերը խոսում են այն մասին, որ մենք այսօր գործ ունենք այլ Ռուսաստանի հետ` ագրեսիվ և ազգայնական մի պետության, որը ղեկավարվում է մի նախագահի կողմից, ով Եվրոպային դիտարկում է ոչ թե որպես գործընկեր, այլ հակառակորդ: Բոլոր եվրոպացիները շահեցին բեռլինյան պատի անկումից հետո: Նրանք ստացան ազատություն, ժողովրդավարություն, հեռանկար: Սակայն Վլադիմիր Պուտինը կարծում է, որ այդ պատի անկումն ու Խորհրդային Միության փլուզումն, ընդհակառակը, աղետ էին: Ահա որտեղից է գալիս պատմության մեկնաբանությունը, որը հանգեցնում է Եվրոպայի և նրա արժեքներին հակադրությանը», — ասել է նախագահը:
Ըստ Պլևնելիևի, Եվրամիութոյւնը մի նախագիծ է, որում Գերմանիան և Բուլղարիան հավասարազոր գործընկերներ են, սակայն Պուտինը շարունակում է կարծել, որ ներկայում, 19-րդ դարի նման, գոյություն ունեն գերտերություններ և ծայրամասեր, որոնք ենթարկվում են նրանց:
«Ես առաջինն էի, ով քննադատեց Ռուսաստանին Ղրիմի քաղաքականության համար: Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինայի ճակատագիրը պետք է որոշեն մեծ տերությունները, սակայն դա 19-րդ դարի քաղաքականություն է: Այն վտանգավոր է», — ասել է Բուլղարիայի նախագահը` հավելելով, որ իր երկիրը շահագրգռված է «Հարավային հոսք» գազամուղի շինարարությամբ, սակայն այն չի գործի «եվրոպական ընդհանուր կանոններին հակառակ»: