տուն Լուրեր Բուհերի բաժիններ, որոնք այդպես էլ դիմորդներ չունեցան

Բուհերի բաժիններ, որոնք այդպես էլ դիմորդներ չունեցան

163
0

16.thumb

Այս տարի Հայաստանի պետական և մասնավոր բուհերի առաջին կուրսեր կհաճախեն ավելի քիչ ուսանողներ, քան նախորդ տարի: Քիչ է եղել ոչ միայն ընդունվողների, այլ նաև դիմորդների թիվը: Ինչպես տեղեկացնում են գնահատման և թեստավորման կենտրոնից, այս տարի եղել է 9789 դիմորդ, որից ընդունվել են 8495-ը: Համեմատության կարգով նշենք, որ անցյալ տարի դիմորդների թիվը եղել է 11324, որից ընդունվել են 9635-ը:

Այս տարվա շրջանավարտների և դրանով պայմանավորված նաև դիմորդների ու ընդունվողների թվի պակասը ոլորտի մասնագետները կապում են տարբեր գործոնների հետ, ինչպիսիք են` ծնելիության նվազումը, արտագաղթի ծավալների ավելացումը, տարիներ առաջ ավագ դպրոցի ներդրումը և այլն:

Չնայած այս տարի դիմորդների թիվը քիչ է եղել, այդուհանդերձ, բուհերից պնդում են, թե պահանջարկ վայելող մասնագիտություններում դիմորդների թվի պակասն այդքան էլ զգալի չի եղել: Ըստ գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների` պահանջարկ վայելող մասնագիտություններն են`տնտեսագիտություն, կառավարում, ինֆորմատիկա, ֆինանսներ և թարգմանչական գործ: Ամենաքիչ պահանջարկ ունեցող մասնագիտություններից են` շախմատը, լեզվաբանությունը` ռուսաց լեզու և տարրական մանկավարժությունը:

Նշենք նաև, որ եղել են կրթական մասնագիտական ծրագրեր, որոնք ընդհանրապես պահանջարկ չեն ունեցել, իսկ բավարար թվով դիմորդներ չունենալու պատճառով էլ որոշ բուհերի մի քանի բաժիններ այս տարի չեն գործի: Օրինակ` թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այս տարի դիմորդներ չեղ եղել թատերագիտություն, կինոգիտություն բաժիններում: Ինստիտուտից Araratnews.am-ին տեղեկացրին, որ թեև բակալավրի ծրագրով նշված բաժիններում ուսանողներ չեն ունենա, բայց բաժինները չեն փակվի, որովհետև այդ մասնագիտություններով դեռ կարելի է սովորել հեռակա ուսուցմամբ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էլ, օրինակ` կան բաժիններ, որոնք նոր էին և այս տարի առաջին անգամ այդ բաժինների համար մրցույթ էր հայտարարվել, սակայն դրանք այդպես էլ չեն բացվի բավարար թվով դիմորդներ չունենալու պատճառով. «Այդ բաժինները նախկինում չեն եղել, այս տարի առաջին անգամ մրցույթ էր հայտարարվել, բայց այդպես էլ բավարար թվով դիմորդներ չեղան` բնապահպանություն և բնօգտագործում,  ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա, զբոսաշրջություն, սերվիս, տեղեկատվական համակարգեր մասնագիտությունների համար: Իսկ նախկին բոլոր բաժիններն էլ բացվել են»,- մեզ հետ զրույցում նշեցին տնտեսագիտական համալսարանից:

Իսկ Երևանի պետական համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում փակված բաժիններ չկան, գրեթե բոլոր բաժիններն էլ դիմորդներ ունեցել են: Մանկավարժական համալսարանից տեղեկացնում են, որ իրենց մոտ մյուս բուհերի համեմատոըթյամբ դիմորդների պակաս այնքան էլ չի զգացվել: Աշխատակիցը նշում է, որ դա երևի պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենց մոտ վերջին տարիներին վարձավճարի թանկացում չի եղել:

Էմմա Հովսեփյան