տուն Լուրեր Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել

99
0

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել։ Այդ մասին «Ազատությանն» ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը «Ազատությանը» փոխանցեց, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ դեռ չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու վայրը։

«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը»,– նշեց Հայաստանի վարչապետը։

Հարցին՝ նորից հանդիպելու ծրագրեր կա՞ն, վարչապետը պատասխանեց. «Դեռ պլաններ չկան, բայց վստահ եմ` որ բանակցությունները շարունակվելու են: Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարևոր է: Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»։

Փաշինյանն ու Ալիևը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում էին Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրված ճաշին` Արևելյան գործընկերության 10-ամյակի առթիվ: Այլ հանդիպումներ, միջոցառումներ Փաշինյանի բրյուսելյան այցի օրակարգում չկային, վարչապետը այստեղից մեկնեց Պեկին: Սա, որպես Հայաստանի ղեկավար, Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Չինաստան։ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է կինը` Աննա Հակոբյանը: