Վաղը՝ նոյեմբերի 10-ին, տեղի է ունենալու Գյումրու ավագանու նիստը: Ինչպես հայտնի է, նորընտիր ավագանին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ղեկավարությամբ, հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններից հետո մեկ անգամ է հրավիրել ավագանու նիստ, որի ընթացքում Բալասանյանի թիմակիցները առանց ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցության Սամվել Բալասանյանին «կարգեցին» քաղաքապետ եւ նիստն ավարտված համարեցին:
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները բայկոտել էին ավագանու նիստը, հայտարարելով, որ տեղի է ունեցել մանդատի գողություն: Խոսքն այն մասին է, որ Գյումրու թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մեկական մանդատ վերցրել էր ԲՀԿ-ից ու ՀՎԿ-ից եւ տվել «Բալասանյան դաշինքին», ինչի արդյունքում Բալասանյանը ստացավ մանդատների մեծամասնությունը:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը քաղաքական ուժերը վիճարկեցին Վերաքննիչ դատարանում: Դատարանը, սակայն, մերժեց հայցադիմումը: Ներկայումս գործը գտնվում է Սահմանադրական դատարանում:
Araratnews.am-ը ընդդիմադիր քաղաքական ուժերից փորձեց ճշտել, թե մասնակցելո՞ւ են արդյոք վաղը նախատեսված Գյումրու ավագանու նիստին: ԳԱԼԱ կուսակցության անդամները չեն մասնակցի ավագանու վաղվա նիստին. այս մասին մեզ հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը: «Ինչպես գիտեք, մենք հոկտեմբերի 6-ին հայտարարության տեքստի տակ ենք ստորագրել, համաձայն որի մանդատների ապօրինի բաշխման դեպքում մեր ցուցակով ավագանու անդամ հայտարարված անձինք բոյկոտելու են «ավագանու նիստ» կոչվող միջոցառումները՝ մինչեւ դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը: Նշել ենք նաեւ, որ հնարավոր դատական ատյաններում խնդրի կարգավորման միջոցները սպառելուց հետո մեր դիրքորոշման կամ գործողությունների վերաբերյալ կտեղեկացնենք հանրությանը»,- ասաց Վարդանյանը:
Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանը եւս նշեց, որ իրենք ավագանու նիստին չեն մասնակցելու: Գրիգորյանի խոսքով՝ որոշումը ներկայումս վիճարկում են Սահմանադրական դատարանում եւ, կախված դատարանի որոշումից, կհայտնեն նաեւ իրենց հետագա քայլերի մասին:
Նշենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Ավելի վաղ Հովհաննես Մարգարյանը հայտարարել էր, որ վայր է դնում ավագանու մանդատը:
Հավելենք, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների՝ Գյումրու ավագանու նիստերը բոյկոտելը լուրջ դժվարություններ է առաջացնում: Սամվել Բալասանյանին այլ բան չի մնում, քան ամեն ինչ անել, որ իր թիմակիցները ողջ կազմով ներկա լինեն ավագանու նիստերին: Անգամ մեկ ավագանու անդամի բացակայության պարագայում ավագանու նիստը տեղի չի ունենա:
Փայլակ Ֆահրադյան