«Ծառուկյան» դաշինքի 11 ներկայացուցիչներ, որոնց անունից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում էր ներկայացվել, քիչ առաջ ԿԸՀ նիստի ժամանակ խնդրեցին չեղյալ համարել դրանք:
Ընտրված պատգամավոր Մուշեղ Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում առանց իրենց գիտության նման դիմումներ ներկայացնելը հանցագործություն համարեց:
«Բոլորն էլ սատանայական նման թուղթ ունեին գրված, որ հետագայում ոնց ցանկանային` այդպես քեզ դեմ տային»,- ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Նա ընդգծեց, որ չի փորձել հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ և հասկանալ, թե ինչպես է այդ դիմումը հայտնվել ԿԸՀ-ում: Հարցին` արդյոք չի՞ վախենում, որ իր հանդեպ ճնշումներ կգործադրվեն ինքնաբացարկը չեղյակ համարելու դիմումից հրաժարարվելու համար, Սաղաթելյանը նշեց. «Էս տարիքում դա ինձ կսազի՞, որ ես վախենամ»:
Սերգեյ Բագրատյանի խոսքով` դա անհարգալից վերաբերմունք է իրենց նկատմամբ:
«Մեզ հետ չեն խոսել, ու դա իրավունք է տալիս, որ մենք էլ չխոսենք իրենց հետ: Փորձել ենք խոսել Ծառուկյանի հետ, չի ստացվել»,- ասաց նա:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հրանտ Դավթյանն էլ չի հերքում՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում ինքնակամ է ԿԸՀ ներկայացրել, մինչդեռ մտափոխվել է և պահանջում է ինքնաբացարկի դիմումը չեղյալ համարել:
«Չի՞ կարա մարդը մտափոխվի», — լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշեց Դավթյանը:
Դիտարկմանը, թե արդյոք դաշի՞նքն է նրան ստիպել ինքնաբացարկ ներկայացնել, Դավթյանն ասաց. «Պայմանավորվածություն չի եղել ինքնաբացարկ ներկայացնելու: Ես եմ տենց որոշել»:
Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը, ևս քիչ առաջ ԿԸՀ նիստում հայտարարեց, որ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: