«Որևէ մեկի կոչման վերանայման հարց չի եղել, իմ գրառումը եթե տեսել եք, ապա այնտեղ խոսել եմ առահասարակ կոչումների շնորհման կարգի մասին։ Ես չեմ ասել որևէ մեկի կոչումը վերանայելու մասին»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր ֆեյսբուքյան գրառմանը։
Հիշեցնենք, որ նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի: «Հ.Գ. մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»,- գրել էր նախարարը։
Նա այս գրառումը կատարել էր այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել էր երգիչ Ռազմիկ Ամյանի երգը՝ նվիրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 65-ամյակին։
Լրագրողի հարցին՝ օրինակ՝ կարելի՞ է երգ նվիրել Սերժ Սարգսյանին, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ բոլորին էլ կարելի է երգ նվիրել։
Հաջորդ հարցին՝ ո՞րն էր գրառման առիթը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ստատուսում ամեն ինչ ասված է»։