Գրել էինք, որ քրեական հեղինակություն Բոգոյին՝ Ռուբեն Կոստանյանին, բերման են ենթարկել ոստիկանություն:
Հիշեցնենք՝ նրա անունը կապվում է «Երեւան-Արմավիր» կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ուղեւորահոսքի վրա ազդեցություն ունենալու, ինչպես նաև Կենտրոնական ավտոկայանում՝ պետական շինության ներսում, սեփական սենյակ եւ հյուրանոց կառուցելու հետ: Սակայն ամիսներ առաջ նրան ոստիկանների միջամտությամբ հեռացրել էին շենքից:
Մեզ հայտնի է դարձել, որ այդ աղմկահարույց պատմությունից հետո Բոգոն 1-2 անգամ երեւացել է ավտոկայանում:
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանն էլ Araratnews.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե արդյոք բերման ենթարկելը կապ ունի իր բողոքների հետ: «Ձեզանից եմ լսում, որ նրան բերման են ենթարկել»,- ասաց նա:
Շուշանիկ Խաչատրյանը հավաստիացրեց՝ մինչ օրս Բոգոն շարունակում է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ուղեւորահոսքի վրա ազդեցություն ունենալ: «Արդեն 5 օր է, որ իմ ընկերությունը չի աշխատում: Օրեր առաջ համապատասխան գերատեսչության փոխնախարարն էր եկել՝ խնդիրը հասկանալու: Չգիտեմ՝ ոնց եմ այս ամենից դուրս գալու»,- ասաց նա: