Այսօր՝ ժամը 18:00-ին, Էջմիածնում բողոքի ակցիա տեղի կունենա ընդդեմ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի: «Ժամանակ» թերթը գրել է, որ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգված է հեռախոսներով տեսանկարահանումներ կատարել: Ավելին՝ Կարեն Գրիգորյանը զանգահարել է քաղաքի բոլոր մանկապարտեզներ ու գրադարաններ և սպառնացել, որ հանրահավաքին չմասնակցեն: Մասնակցողները կազատվեն աշխատանքից:
Araratnews.am-ը փորձեց զրուցել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ, սակայն քաղաքապետարանից տեղեկացրին՝ Կարեն Գրիգորյանը տեղում չէ: Մարիամ Պողոսյանը՝ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը, հերքեց սպառնալիքների ու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից հանրահավաքը տեսանկարահանելու մասին լուրերը. «Նման բան չկա: Էջմիածնի բողոքի ակցիաներին տարբեր տարիներին մասնակցել են նաև քաղաքապետարանի աշխատակիցներից, սակայն որեւէ խոչընդոտ, արգելք ու պատիժ չի եղել: Անգամ թավշյա հեղափոխության ժամանակ ակցիաներին մասնակցելու որեւէ խոչընդոտ չի եղել: Դա կեղծ տեղեկություն է: Եթե կան այդպիսի մարդիկ (որոնց սպառնացել են), թող դիմեն ոստիկանություն»:
Մեր հարցին, որ եթե քաղաքապետարանի աշխատակիցները մասնակցեն բողոքի ակցիային, աշխատանքից չե՞ն զրկվի, Մարիամ Պողոսյանը հավաստիացրեց՝ ոչ:
Հանրահավաքի իրազեկումը Էջմիածնի քաղաքապետարան ներկայացրել է «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սերգոյանը:
Այն դիտարկմանը, թե Արտակ Սերգոյանի անունը կապվում է Էջմիածնում հայտնի հեղինակություն, գործարար Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հետ, Մարիամ Պողոսյանը հորդորեց նայել Արտակ Սերգոյանի անձնական էջը. «Որքանով ես գիտեմ, Արտակ Սերգոյանը «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի անդամ է: Բայց նայեք նրա ֆեյսբուքյան էջը, որտեղ ստույգ ամեն ինչ կա»:
Արտակ Սերգոյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ բողոքի ակցիան ուղղորդում է Արթուր Ասատրյանը. «Դա հերյուրանք է. «Նախաձեռնողը եղել է «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, Արթուր Ասատրյանը կմասնակցի բողոքի ակցիային՝ որպես շարքային էջմիածնեցի»:
Մեր դիտարկմանը, թե Արտակ Սերգոյանը «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի անդամ է, զրուցակիցս ասաց, որ 10 եւ ավելի տարիներ համագործակցել են տարբեր հիմնադրամների, այդ թվում՝ «Արթուր Ասատրյան» հիմնադրամի հետ: «Մենք անձնական ոչինչ չունենք Կարեն Գրիգորյանի դեմ: Պայքարը կլանային համակարգի ռեկետների մասին է: Քաղաքը հասցրել են վատ վիճակի: Շուտով կմիջնորդենք, որ քրեական գործեր էլ բացահայտվեն»,- ասաց ՀԿ-ի նախագահը:
Արտակ Սերգոյանը նաև տեղեկացրեց, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հայրը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, փակել է որդու ճանապարհը եւ թույլ չի տվել, որ որդին անկախ գործի:
Սոնա Դավթյան