տուն Լուրեր Բիզնես ցեղասպանության ենք ենթարկվում. տաքսու վարորդները կուսակցություն կհիմնեն

Բիզնես ցեղասպանության ենք ենթարկվում. տաքսու վարորդները կուսակցություն կհիմնեն

83
0

3EF49335-0DB7-40E1-85CE-92B9A9CD6BF9_cx0_cy12_cw79_w1023_r1_s

Հայաստանում տաքսու վարորդները կուսակցություն կհիմնեն: Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը:

Կուսակցությունը կկոչվի «Ազգային պաշտպանության լիգա», որովհետև այն ոչ միայն կզբաղվի տրանսպորտի խնդիրներով, այլ նաև կբարձրաձայնի տարբեր բնագավառների խնդիրների մասին: «Տաքսու վարորդները շատ ակտիվ քաղաքացիներ են, շատ տեղեկացված, բանիմաց մարդիկ կան, այս սոցիալական խավը ստեղծվել է աշխատանք չլինելու պատճառով, բայց նրանք տարբեր բնագավառներից խելացի մարդիկ են: Հիմա մենք լսելի չենք որպես սոցիալական խավ և ուզում ենք որպես քաղաքական ուժ հանդես գալ և խոսել ոչ միայն տրանսպորտին, այլև ազգին վերաբերող այլ խնդիրներից»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Հարցին` ընդդիմադիր ո՞ւժ են պատրաստվում լինել, նա պատասխանեց. «Հիմա մենք որ խնդիր ենք ունենում, գնում ենք կառավարության շենքի մոտ, մեր կողքին չեն կանգնած ո՛չ ընդդիմադիր, ո՛չ էլ իշխանական ուժերը: Հիմա վտանգավոր է հայտարարել, որ ընդդիմադիր կլինենք, քանի որ շատերը հայտարարում են, թե ընդդիմադիր են, բայց հետո վաճառվում են և ժողովրդի առաջ խայտառակ լինում: Ընդդիմադիր կոչվելով և իշխանություններին անիծելով` խնդիրները չեն լուծվում:  Հիմա մենք ասում ենք` եկեք փողոց, մեր կողքին կանգնեք, մեր հարցերին լուծում տվեք: Մեզ խաբում են, բիզնես ցեղասպանության են ենթարկում, ընդդիմադիրներին ասում ենք` գնացեք վարչապետին բացատրեք, ասում են` չէ՛, մենք Սերժի հետ չենք լինի, հետո էլ տեսնում ենք` էդ մարդիկ չքացան: Իսկ մենք կաշխատենք և՛ ընդդիմության, և՛ իշխանության հետ»:

Կուսակցության անդամներ կլինեն տաքսու վարորդներ, ավտոներմուծողներ ու առհասարակ վարորդներ: Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` գրանցման համար արդեն դիմել են արդարադատության նախարարություն և չեն կարծում, որ կմերժեն: