Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումներն Ազգային Ժողովում շարունակվում են: Առաջարկություններ ներկայացնելու հերթն այսօր «Ծառուկյան» դաշինքինն էր: Խմբակցության անդամներն առաջարկում են անցնել ամբողջովին համամասնական ու փակ ցուցակներով ընտրակարգի, քանի որ ԱԺ ընտրությունները չեն անձնավորվի, և կբարձրանա դրանց քաղաքական նշանակությունը:
ԲՀԿ-ն առաջարկում է նաև արգելել համատիրություններին՝ քարոզարշավներին իրենց գրասենյակներն օգտագործել որևէ կուսակցության կամ դաշինքի նախընտրական շտաբ։
ԲՀԿ-ն առաջարկում է նաև հրաժարվել ընտրողին օգնելու կարգից և թույլ չտալ, որ նույն անձն օգնի մեկից ավելի ընտրողի։ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին 79.500 քաղաքացի քվեարկել է այլ անձի օգնությամբ, այն դեպքում, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով ընտրական իրավունք ունեցող այն անձինք, ովքեր ուղեկցորդի կարիք ունեն, 15.250-ն են:
ՀՅԴ-ը դեմ է փակ ընտրացուցակներով ընտրություններին, քանի որ դա հակասում է ժողովրդավարությանը:
ԱԺ ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խմբի հաջորդ նիստը կլինի հուլիսի 10-ին: Նիստին ներկա կլինի նաև կառավարության ներկայացուցիչը եւ կպատասխանի մի շարք հարցերի: