«Արսենալն» իր պաշտոնական կայքում տեղեկացրել է, որ սկսել է համագործակցել BetConstruct ընկերության հետ։ VNews.am-ի փոխանցմամբ՝ այն այսուհետ հանդիսանում է լոնդոնյան ակումբի պաշտոնական խաղային ծրագրային գործընկերը։
Առցանց և իրական խաղային ոլորտում ծրագրային լուծումներ մշակող և մատակարարող բազմամրցանակակիր BetConstruct ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին և ունի զարգացման, վաճառքի ու սպասարկման կենտրոններ ամբողջ աշխարհով մեկ։ Այն Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատարներից մեկն է։
BetConstruct ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանն այս առիթով ասել է հետևյալը․ «Դառնալ «Արսենալի» պաշտոնական գործընկերը, մի ակումբի, որի պատմությունն իր մեջ 3 դար է ներառում, հպարտանալու առիթ է։ Սա միաժամանակ հրաշալի հնարավորություն է BetConstruct-ի համար ներկայացնելու իր հիմնարար տեխնոլոգիաները և ծառայություններն «Արսենալի» համաշխարհային լսարանին։ «Արսենալն» այն ակումբն է, որի արժեքները և տեսլականը տպավորիչ են։ Մենք ուրախ ենք երկարաժամկետ համագործակցություն կառուցելու այս հնարավորությամբ։ Համոզված ենք՝ այն կլինի հաջողակ և փոխշահավետ»։
«Արսենալի» կոմերցիոն տնօրեն Պիտեր Սիլվերսթոունն իր հերթին ասել է․ «Ուրախ ենք BetConstruct-ին ողջունել պաշտոնական գործընկերների մեր ընտանիքում։ BetConstruct-ը 8 տարի առաջ հիմնադրվելուց հետո զարգացման հսկայական աճ է գրանցել և ստեղծել խաղերի ծրագրային ապահովման ոլորտում նորարարական առաջնորդի փայլուն համբավ։ Անհամբերությամբ սպասում ենք, որ BetConstruct-ին օգնենք շարունակելու անուն վաստակել ամբողջ աշխարհի սպառողների և գործարար շրջանակներում»։