տուն Լուրեր Բերդի բժշկական կենտրոնի «առեղծվածը»

Բերդի բժշկական կենտրոնի «առեղծվածը»

177
0

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի բժշկական կենտրոնի շուրջ տարիներ շարունակ ծագած աղմուկը չի դադարում: Նշենք, որ բժշկական կենտրոնի նախկին ու ներկա տնօրենների գործունեության մասին մեկ անգամ չէ, որ համայնքի բնակիչները բարձրաձայնել են: Դեռեւս 2013 թվականին բնակիչները բաց նամակ էին հասցեագրել  իշխանություններին: Նրանք բազմաթիվ մեղադրանքներ էին  հնչեցնում, սկսած նրանից, որ հիվանդանոցում դեղատուն կա, որտեղ դեղերն առնվազն հնգապատիկ թանկ են, վերջացրած «Շտապօգնությունը» շահութաբեր բիզնես վերածելուն, հիվանդների օրգանները վաճառելուն, անալիզներ կեղծելուն եւ այլն։ Այդ ժամանակ բժշկական կենտրոնի տնօրենը Արամ Հարությունյանն էր: Տնօրենի փոփոխություն տեղի ունեցավ, սակայն իրավիճակը, ըստ Araratnews.am-ին հասած դժգոհությունների, մնացել է նույնը:

Քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Արամ Հարությունյանի փոխարեն բժշկական կենտրոնի տնօրեն նշանակված Արմեն  Մարդանյանը, ով դատավոր Սամվել Մարդանյանի որդին է, մի շարք արտոնություններ է տվել բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժնի վարիչ Արմեն Գալստյանին, վերջինս էլ, մեզ դիմած քաղաքացիների պնդմամբ, լիարժեք չի կատարում իր պարտականությունները:  Այս ամենի հետևանքով վերջերս բժշկական կենտրոնում հերթական` նորածնի մահվան դեպքն է գրանցվել:

Araratnews.am-ի  հետ զրույցում բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժնի վարիչ Արմեն Գալստյանը նշեց. «Ոչ թե նորածին է մահացել, այլ այնտեղ խնդիրներ են եղել` ներքին արյունահոսություն, մորը փրկեցինք, նորածինը ոչ թե կենդանի է ծնվել, նոր մահացել, այլ մորն ենք փրկել»,- տեղի ունեցած արտակարգ դեպքն այսպես ներկայացրեց Գալստյանը: Նա հերքեց տեղեկությունները, որ երեխային փրկել չի հաջողել, որովհետեւ բժիշկներն անփույթ են վարվել: Գալստյանը սա որակեց ապատեղեկատվություն:

Հարցին, թե կան տեղեկություններ, որ ծննդօգնության համար բժշկական կենտրոնը գումար է պահանջում, չնայած այն հանգամանքին, որ այն անվճար է, Արմեն Գալստյանն արձագանքեց. «Չկա տենց բան, ես չգիտեմ` ձեր տեղեկատվությունը որտեղի՛ց է, չկա նման բան, բացառված բան է»: Արմեն Գալստյանը նշեց, որ այն մարդիկ, ովքեր դժգոհում են եւ նման տեղեկություններ հայտարարում, «կլյաուզա» են անում:

Բժշկական կենտրոնում տեղի ունեցող զարգացումների, քաղաքացիների դժգոհությունների վերաբերյալ այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:

Փայլակ Ֆահրադյան