ՀՀ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը հնչեցրեց հերթական հանձնարարականները, որոնցից առաջինը վերաբերում էր նավթամթերքի մատակարարման որակին:
«Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել խնդիրներ բենզինի եւ դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաեւ գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում` էական վնաս է պատճառվում սպառողներին եւ շուկային»,- հայտարարեց վարչապետը՝ հանձնարարելով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին մեկամսյա ժամկետում բենզինի, դիզվառելիքի եւ այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման եւ որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն` ըստ վառելիքի տեսակների համապատասխան թույլտվությունների հստակ տարանջատման վերաբերյալ՝ հաշվի առնելով հանրապետության ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:
«Պետական եկամուտների կոմիտեի հետ քննարկեք եւ մշակեք այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու եւ կանխարգելելու վերաբերյալ հստակ մեթոդաբանություն, կարծում եմ՝ խնդիրը պարզ է»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը: