Եվրամիության հետ միգրացիոն համաձայնագրի վերաբերյալ Թուրքիայի առանձին պահանջները համեմատելի են շանտաժի հետ: Այդ մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Թուրքիան իրոք շատ բան է պահանջում: Ես չեմ ընդունում այն բանակցությունները, որոնք երբեմն նմանվում են շանտաժի դրսեւորման»,- Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովին ժամանելիս ասել է նա լրագրողներին:
Միշելի խոսքով, Թուրքիայի հետ բանակցություններին Բելգիան հաստատակամորեն կհետապնդի եվրոպական շահերը:
Մարտի յոթին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովին Անկարայի ներկայացուցիչները պահանջել են կրկնակի (3-ից 6 մլրդ եվրո) ավելացնել ԵՄ-ի կողմից տրամադրվող օգնությունը թուրքական տարածքում փախստականների հետ կապված իրավիճակի կարգավորման համար, ինչպես նաեւ «մեկը մեկի դիմաց» սկզբունքով իրականացնել Եվրոպայից տնտեսական միգրանտների վերադարձը Թուրքիա եւ պատերազմական փախստականների ընդունումը հակառակ ուղղությամբ: Բացի այդ, Թուրքիան Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամի լուծմանը ակտիվ մասնակցության դիմաց անդամ երկրների առաջնորդներից պահանջել է արդեն այս գարնանը առանց վիզայի ռեժիմ մտցնել թուրքական քաղաքացիների` ԵՄ կարճաժամկետ ուղեւորությունների համար: