2013թ-ի «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահական ընտրություններին չմասնակցելը մեկ նպատակ է հետապնդել՝ չմտնել 2013թ-ի ընտրափուլերի մեջ, և պատրաստվել 2018թ-ի ընտրություններին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը: «Հիմա արդեն Գագիկ Ծառուկյանը զգուշավոր հայտ է ներկայացրել 2018թ-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Գագիկ Ծառուկյանը խոսեց թե´ իր պատրաստակամության, թե´ իր մտքում եղած 4-5 թեկնածուների մասին, և դրանից բխում է ընդամենը մի բան՝ «Բարգավաճ Հայաստան»-ը պետք է դառնար քաղաքական դաշտում ամենադոմինանտ քաղաքական ուժը»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծեց ընդդիմադիր քաղաքական ուժ՝ նախկինում քառյակ, այժմ՝ եռյակ՝ իր նպատակների համար,- հայտնեց Ստեփան Սաֆարյանը: «Ճիշտ է 2013-14-ին ակտիվ աշխատում էր ԲՀԿ-ն՝ ստեղծելով խառյակն ու հետագայում նաև եռյակը: Ի դեպ, հիմա չգիտեմ՝ քառյա՞կ է, թե՞ եռյակ: Համենայն դեպս, Բարգավաճի քաղաքականությունը ուղղված է 2018թ-ին նախագահական ընտրություններին մասնակցելուն: Ինձ, համենայն դեպս, հայտնի չէ մի նշան, ըստ որի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժամկետից շուտ կամ արտահերթ փոփոխություն դրած լինի իր օրակարգում»:
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միակ նպատակը նախագահական ընտրություններին մասնակցելն է: «Որքա՞ն ժամանակ պիտի պահանջվի, որ Հայ Ազգային Կոնգրեսն ու մյուսները հասկանան, որ այդ մարդիկ իրենք իրենց օրակարգում նման հարց չունեն: Հիմա կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է իրեն միամիտի տեղ դնում, կամ էլ, ցավոք սրտի, բոլորին»: