Ինչպես ավելի վաղ Araratnews-ը տեղեկացրել է, մոտ մեկ ամիս է, ինչ նորակառույց, բազմահարկ «Մալաթիա մոլ» առեւտրի կենտրոնի մի տաղավարից ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ամեն օր Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին անվճար 3-ական լավաշ է բաժանում: Սա մեկնաբանվում է որպես բարեգործություն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին:
Ըստ Parliamentmonitoring.am կայքի, Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում երբեք օրենսդրական առաջարկներով հանդես չի եկել:
03.03.2012 թ.ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից.
Սամվել Ալեքսանյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 4 շենք-շինություն` 12695.99 քմ ընդհանուր մակերեսով, 6 հողամաս` 3.4529 հա տարածքով, Երևանում, Կոտայքի ու Շիրակի մարզերում:
Ունի 4 ավտոմեքենա (Մերսեդես Բենց -500, ՎԱԶ- 21 124, Մերսեդես Բենց -600, Ռենջ Ռովեր սպորտ 4.2):
Հաշվետու տարվա եկամուտը` 17 մլն.659 հազ. 750 հազ. դրամ, (3 մլն. 25 հազ. 750 դրամը` պատգամավորի աշխատավարձ, մնացածը`շահաբաժին, վարձավճար):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 380 մլն. ՀՀ դրամ, 9 մլն. 385 հազ. ԱՄՆ դոլար:
Թանկարժեք գույք, արժեթուղթ և այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:
Ալեքսանյանը կողմ է քվեարկել ԱԺ ներկայացված օրենսդրական փաթեթների 90%-ին:
Այս ամենից հետո հարց է առաջանում, թե գոնե ըստ հայտարարագրի ոչ այնքան աղքատ այս պատգամավորին ի՞նչն է խանգարում ԱԺ ներկայացնել այնպիսի օրինագծեր, որոնց ընդունումից հետո իր տված երեք լավաշի համար կիլոմետրով հերթ չեն կանգնի: