տուն Լուրեր Բարձր ջերմությամբ ուղեկցվող փորլուծության դեպքում երեխային չպետք է տանը պահել

Բարձր ջերմությամբ ուղեկցվող փորլուծության դեպքում երեխային չպետք է տանը պահել

152
0

փորլուծություն5

Արդեն տեղեկացրել էինք, որ այս օրերին սուր շնչառական վարակների ակտիվացում է նկատվում հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի:

Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվություն է դիտվում հատկապես 0-5 տարեկան երեխաների շրջանում. «Դրանով է պայմանավորված Երևանի մի քանի մանկական հիվանդանոցների գերծանրաբեռնված աշխատանքը: Ասեմ, որ հիվանդանոցներում ոչ մի երեխայի չեն մերժում, բոլորին ընդունում են և բժշկական օգնություն ցուցաբերում»:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում երեխաների մոտ բարձր ջերմությամբ ուղեկցվող փորլուծության դեպքերի ավելացմանը, մեր զրուցակիցն ընդգծեց. «Որևէ բանի հետ կապել չեմ կարող, դա կարող է վիրուսային կամ մանրէային բնույթի լինել, դրա համար պետք է անմիջապես դիմել բժշկի, որպեսզի պարզվի, թե պատճառը որն է: Իսկ  երբեմն էլ լինում են փորլուծության վիրուսների դեպքեր, որոնք ուղեկցվում են ջերմությամբ: Այդ դեպքում ծնողները պետք է երեխային ոչ թե պահեն տանը, այլ բժշկի տանեն, որպեսզի կարողանան ամբուլատոր պայմաններում երեխայի բուժումը կազմակերպել»:

Նշենք նաև, որ օրերս բարձր ջերմության պատճառով սրտի կանգից մահացել էր 8-ամյա Նարեկ Մ.-ն: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` փոքրիկի մոտ նաև փորլուծություն է եղել: Այս դեպքի առնչությամբ Լիանա Թորոսյանն ընդգծեց. «Թե ինչից է երեխան ջերմել, դա կարող է լինել բազմագործոն: Եվ այդ գործով արդեն զբաղվում են դատաբժիշկները, թե վերջնական ինչ եզրակացություն կլինի, կիմանանք վերջում»:

Հավելենք, որ փոքրիկի մահվան հանգամանքների վերաբերյալ մանրամասներ իմանալու համար հարցում ենք ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն: Պատասխանը ստանալուն պես կտեղեկացնենք: