Բանկերի միավորման երևույթը կարելի է դիտել 2 տեսանկյունից այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Միջազգային տնտեսական ինստիտուտների տեսանկյունից դիտենք այս հարցը: Ցանկացած բանկի կապիտալիզացիայի բարձր մակարդակ ունենալու դեպքում բարձրանում է երկրի ֆինանսական կայունությունը: Դա հավասարապես վերաբերվում է բանկային համակարգին և տվյալ պարագայում ՀՀ-ում նման գործընթաց է սկսվում: Այսինքն բանկերի միավորման միջոցով հիմնարկներում ֆինանսական կայունություն ապահովելու հարցն է ընկած»:
«Բացասական տեսանկյունից դիտարկելով՝ ի հայտ են գալիս չհիմնավորված տարբեր ինստիտուտներ։ Բանկերի խոշորացումը ինչպիսի՞ դրական տեղաշարժ կունենա երկրի տնտեսության վրա: Միավորումը ինչքան էլ դրական տեղաշարժ ունենա՝ բերելու է մոնոպոլիզացիայի: Իսկ հիմա Հայաստանում արդեն գոյություն ունեցող մոնոպոլիզացիայի պայմաններում դա հարված կլինի հասարակության թիկունքից: Այս տիրույթի ղեկավարները արդեն կարող են իրենց ցանկությունները թելադրել հասարակությանը՝ վարկ վերցնողներին»:
Եթե առաջ քաղաքացին ընտրություն կարող էր ունենալ վարկ վերցնելու առումով, ապա բանկերի միավորումից հետո այդ ընտրությունը կատարելու է բանկը, հայտնեց Վարդան Բոստանջյանը: «Բանկերի վերամիավորման ժամանակ ցանկանում են կայունացնել հիմնարկների ֆինանսական վիճակը, սակայն, որևէ դրական տեղաշարժ ես չեմ տեսնում»: