Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսական հեղափոխություն անելու քայլերին եւ հանձնարարականներ տվեց: «Վերանայել մինչեւ այժմ ներկայացված ներդրումային բոլոր առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց հետ կապված պրոբլեմները, կենտրոնացնել տվյալները տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում, կարգավորումների ճանապարհ կազմել՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելիությունը լուծելու: Արագացնել Ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծումը, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ստեղծումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ հիմա բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը: Մշակել մեխանիզմ, որ քաղաքացին չզրկվի ընտանեկան նպաստից: «Հաշվառել բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձով, հասցեով, ընկերություններով: Արագ բացահայտել այն մարդկանց, որոնք ամսական 100.000 դրամ եւ ավելի վարկեր են սպասարկում եւ օգտվում են վարկերից: Բանկային տոկոսադրույքների նվազեցումը պահել օրակարգում: Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու մեխանիզմ մշակել: Մեծ թափով սկսել վերամասնագիտական ուսումնական կենտրոնների ստեղծումը, վերամասնագիտացված ծառայություններ մատուցել աշխատաշուկային համապատասխան»,- նշեց նա:
Փաշինյանը հանձնարարեց նաև կաթիլային ոռոգման, հակակարկտային կայանների, գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրման, բյուջետային ծրագրերի զարգացման արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ ծրագրերն ամբողջությամբ իրականանան:
Կառավարության ղեկավարի մյուս հանձնարարականը վերաբերում էր ջրամբարաշինությանը, ճանապարհաշինությանը: Փաշինյանը հանձնարարեց նախագծերի գույքագրում իրականացնել, նոր նախագծեր իրականացնել եւ համագործակցել դոնոր կազմակերպությունների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան