Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով բանակի համար հիմնադրամ ստեղծելու հարցին, ասաց, որ իր կարծիքով՝ պետք էր մի քիչ ավելի լավ հանրությանը ներկայացնել գաղափարը, որ այսպիսի հանպատրաստից դժգոհություն չառաջանար հանրության որոշ հատվածի մոտ: Ըստ նրա` նպատակը, գաղափարը շատ ճիշտ են:
«Մեր ռեսուրսը նկատի ունենալով` այնպիսի վիճակում ենք, որ պետք է նոր կոնցեպցիայի վրա կառուցենք մեր բանակաշինությունը, և ազգ-բանակ հասկացությունը, որ ներդրված է, և հայեցակարգը ամրագրված է նաև կառավարության ծրագրի մեջ, ենթադրում է ազգովի պաշտպանական խնդիրների լուծում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Ռուստամյանը:
Դաշնակցական գործիչը կարծիք հայտնեց, թե սա ազգային տուրքի գաղափար է, սիմվոլիկ գումար է, որով մասնակից ես դառնում պաշտպանական հարցերին:
«Պետք է իսկապես ցույց տանք, որ մենք ազգ-բանակ ենք, այլ տարբերակ չունենք, որովհետև երբ դու չես կերակրում քո բանակը, ստիպված կլինես կերակրել օտարի բանակը»,- ասաց Ռուստամյանը:
Նա նշեց, որ իրենք ընդունում են բոլոր այն հարցադրումները, որոնք միտված են գաղափարն ավելի լավն ու ճիշտը դարձնելուն: «Գաղափարը չպիտի կործանվի, գաղափարը պիտի պահպանել, և ովքեր մտածում են` գաղափարը պետք է պահպանել, նրանց հետ ունենք խնդիր` նստենք, քննարկենք` կոնկրետ թվերի հետ կապված, արդյոք համաչափությունը, համամասնությունը ճի՞շտ են: Պետք է մարդկանց եկամուտներին համապատասխանեցվի նրանց ներդրումը, բայց որ այդ ներդրումը պիտի լինի` 1 դրամ, 10 դրամ թե 1000 դրամ, ես կասկած չունեմ, որովհետև դա պարտադիր է, անհրաժեշտ է»,- ընդգծեց պատգամավորը:
Ռուստամյանի խոսքով` այս հիմնադրամի ստեղծումը չի փոխարինում պետության ֆունկցիաներին, գործունեությանը: «Պետությունը պիտի շարունակի անել իր գործը, բայց մենք պետք է հասկանանք, որ ազգ ենք, մեկ բանակ ունենք և այդ` մեկ ազգ, մեկ բանակ հասկացությունը մենք չենք հորինել: Բոլոր` մեր պայմաններում գտնվող պետություններն այս քայլով են իրենց պաշտպանությունը ձևավորել և ամրապնդել: Սրանով հասկացնում ենք մեր թշնամուն, որ այստեղ միասնություն կա»,- ասաց նա:
Ռուստամյանն ընդունում է բոլոր քննադատությունները, որոնք հիմնավոր են, բայց ճիշտ չի համարում այն, որ ամեն լավ գաղափար պետք է քարկոծել: «Ազգ-բանակ գաղափարն էլ սկսեց քննադատվել: Այսինքն` մենք եթե մեկը չենք անում, ուրեմն այլ ճիշտ քա՞յլ էլ չանենք: Պետք է այն գեներալներին էլ գտնել, ովքեր, ձեր ասելով, ապօրինի հարստացել են: Կառավարությունն իր առջև խնդիր է դրել՝ ապօրինի հարստացումը քրեականացնելու: Այս պրոցեսները գնում են, ուրեմն մեկը մյուսին ինչո՞ւ պիտի խանգարի: Քննադատությունն ընդունում եմ այն մասով, որ վստահություն չկա, դրա դեմ պետք է պայքարենք, բայց դա չի նշանակում, որ ձեռքներս պետք է ծալենք, նստենք: Բոլորը խնդիրները պետք է լուծենք, նո՞ր սկսենք ինչ-որ բան անել, պետք է մեկտեղ անել»,- ասաց պատգամավորը:
Խոսելով հիմնադրամին կամավոր սկզբունքով գումար հատկացնելու մասին` նա ասաց. «Ծառայե՞լն էլ կամավոր լինի, հանե՞նք պարտադիր ծառայությունը, կամավոր` ով կգնա, կգնա: Այդպես ազգը կվերանա, մենք չենք պատկերացնում մեր առջև դրված մարտահրավերների ծանրությունը»: