ՀՀ ԱԺ-ում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք հարցուպատասխանն ամբողջությամբ:
ՊԵԿ—ում կադրային կրճատումներն ինչով են պայմանավորված:
Կառուցվածքային փոփոխություններ են, որոնց արդյունքում ձեւավորվել է նոր կառուցվածք, դրա արդյունքում շուրջ 483 հաստիք կրճատվել է:
Այսինքն ՊԵԿ աշխատակազմը ուռճացվա՞ծ էր:
Ես մեկ անգամ այդ հարցին պատասխանել եմ: Տարիների ընթացքում ՊԵԿ-ը վերազինվել է, եւ դա պետք է ուշ թե շուտ բերեր նման հանգուցալուծման: Այսօրվա տեխնոլոգիաների դարաշրջանում բնական է, որ մարդկային գործոնի առկայությունը ավելի քչանում է, եւ դրա արդյունքում ունենք այն ինչ ունենք:
Araratnews.am. Վերջերս ականատես եղանք, որ ՊԵԿ աշխատակիցներ են ձերբակալվում, կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվում: Սա չի՞ նշանակում, որ ոլորտը կոռումպացված է:
Սա պայքարի շրջանակներում եմ դիտում, եթե ինչ-որ մեկը իր աշխատանքի ընթացքում խախտում է լիազորությունները, բնական է, որ պետք է ՀՀ գործող օրենսդրությամբ պատասխան տա:
Araratnews.am. Տեսակետ կա, որ միայն «փոքր ձկներին» են քավության նոխազ դարձնում:
Ես չգիտեմ «մանր ձուկ, խոշոր ձուկ» ասելով դուք ինչ նկատի ունեք:
Araratnews.am. Այսինքն այդ կաշառքը կիսում են վերեւների հետ:
Եթե ունենք նման ինֆորմացիա ունեք՝ խնդրում եմ տրամադրեք, եւ վստահեցնում եմ ձեզ, որ այդ մարդիկ եւս կկալանավորվեն:
Պարոն Հարությունյան հաջողվո՞ւմ է Ձեզ խոշոր գործարարներին ստվերից բերել հարկման դաշտ, որպեսզի արտոնյալներ եւ մենաշնորհային դիրք զբաղեցնողներ չլինեն:
Արտոնյալներ, մենաշնորհներ… ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ դա մեր ամենօրյա գործն, է ունենք արդյունքներ, կարծում եմ բյուջեի կատարողականի ներկայացումից պարզ դարձավ, որ կան դրական արդյունքներ:
Քեթրին գրուպում կատարված ստուգումները դրա համատեսքստո՞ւմ էին:
Քեթրին գրուպը տնտեսվարող սուբյեկտ է, այնտեղ կարող են առաջանալ ցանկացած խնդիր այնպես, ինչպես ցանկացած տնտեսվարող սուբյեկտներում:
Ալեքս Տեքստիլում էլ ստուգումներ կլինե՞ն:
Այո, իհարկե:
Araratnews.am. Սերժ Սարգսյանին եւ նրա մերձավորներին պատկանող օբյեկտներում երբ ե՞ք ստուգումներ անելու:
Ես խնդրում եմ ցանկը տրամադրեք:
Եղել է մի խոշոր տնտեսվարող, որին դուք ստուգել եք ձեր պաշտոնավարման ժամկետում, ով գործել է ստվերում եւ բերել եք հարկման դաշտ:
Դուք իմ գործունեությունը տեսել եք, եւ երբեւիցէ չեմ փորձել մեր ձեռբքբերումները հանրայնացնել, դրա համար թույլ տվեք այդ հարցին չպատասխանել:
Araratnews.am Պարոն Հարությունյան դուք պատկառելի ունեցվածք ունեք: Ինչ ճանապարհով ե՞ք այն կուտակել:
Մի մոռացեք, որ ես մինչեւ 2016 թվականի հոկտեմբեր ամիսը աշխատել եմ բիզնեսնում. եթե անհաջողակ բիզնեսմեն լինեի պետք է ոչինչ չունենայի, իսկ հաջողակ բիզնեսմենը…:
Araratnews.am Երկու առանձատուն, երեք բնակարան…
Կարող ա վեցը ունենայի:
Իսկ հիմա բիզնես չունե՞ք:
Ես չունեմ:
Araratnews.am Ձեր ընտանիքի անդամների անունով են փաստորեն գրանցված ձեր բիզնեսները:
Իմ ընտանիքի անդամներին են պատկանում:
Չկա՞ շահերի բախում:
Չէ, չկա:
Ով ինչ ցանկանում է ներկրո՞ւմ է:
Այո, 100 տոկոս։ Բերեք մի փաստ, որ մարդ մի բան ուզում է բերել, եւ հարկային մարմինները խոչընդոտում են:
Այսինքն այնքան բաց են սահմանները, որ ադրբեջանական ապրանք են բերում:
Ադրբեջանական ապրանք բերելու փաստով մարդ դատվեց սիրելիս:
Շաքարավազ, բանան ով է ներկրում:
Շատերը, անուններ չեմ կարող ասել: Բանանը էդքան կարեւոր չէ ինձ համար:
Դուք Սերժ Սարգյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի թիմից եք:
Դա նույն թիմն է:
Փայլակ Ֆահրադյան