տուն Լուրեր Բանանի շուկայում մենաշնորհներ չկան․ գործարար

Բանանի շուկայում մենաշնորհներ չկան․ գործարար

144
0

Հայաստանում բանանի գնին ամենաշատն են ուշադրություն դարձնում, և ահա կրկին գինը բարձրացել է, անգամ մամուլում լուրեր են շրջանառվում, որ այդ շուկայում նորից մենաշնորհներ կան։ Araratnews.am-ը բանանի գնի փոփոխության և շրջանառվող լուրերի մասին խոսեց գործարար Վահրամ Միրաքյանի հետ, որը Հայաստան բանան ներկրող ընկերություններից մեկի սեփականատերն է։

Միրաքյանի խոսքով՝ բանանի գինը պահանջարկ-առաջարկի պատճառով է թանկացել։

«Ամեն տարի ձմռանը բանանը ամբողջ աշխարհում թանկանում, ամռանը՝ էժանանում։ Քանի որ ձմռանը մրգերը քիչ են, մեծանում է ցիտրուսային մրգերի, մասնավորապես, բանանի պահանջարկը, այդ պատճառով թանկանում է»,- նշեց Միրաքյանը։

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ շուկայում նորից կան մենաշնորհներ, Միրաքյանը հերքեց՝ նշելով․ «Մենաշնորհի մասին խոսք լինել չի կարող, նույնիսկ հակառակ միտում եմ նկատում։ 2016-2017 թվականից շուկայում մենաշնորհներ չկան։ Դրանից հետո առաջ եկան 5-6 ներկրողներ, ովքեր հիմնական ներկրողներն են մինչև հիմա։ Այսինքն՝ 2018 թվականի ընթացքում «խաղացողները» չեն փոխվել»։

Գործարարը կարծիք հայտնեց, որ նախկինում մեր շուկան միշտ մոնոպոլ  է եղել, և գնային տատանումները կապ չեն ունեցել համաշխարհային գնային տատանումների հետ, և դրա համար Հայաստանում այդ պրոցեսներից տեղյակ չեն։ «Հիմա գները բարձրացել են նաև Վրաստանում, Ռուսաստանում, նույնսիկ Ռուսաստանում ավելի բարձր են գները, քան Հայաստանում։ Նորմալ պրոցես է։ Մայիսի վերջից կսկսվի ավելի էժանանալ, աշնանը աստիճանաբար կսկսի թանկանալ»,- եզրափակեց նա։

Թե ինչո՞ւ են թանկացել բանանի գները և արդյո՞ք ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է բանանի շուկան, հարցում ուղարկեցինք կառույցին։

ՏՄՊՊՀ-ից մեզ պատասխանեցին, որ 01.11.2018 թվականի դրությամբ ՀՀ ներմուծվել է մոտ 18 հազար տոննա բանան, որը ներմուծվել է թվով 24 տնտեսվարող սուբյեկտների կողմից: Կառույցի դիտանցումների համաձայն, 2019 թվականի հունվարի 14-ի դրությամբ 1 կգ բանանը վաճառվել է 595 դրամով,  հետագա շաբաթներին նկատվել է գնային բարձրացում, ապա դարձյալ նվազում:

Հետաքրքիր է, որ ըստ ՏՄՊՊՀ-ի վերջին՝  հունվարի 30-ի մոնիթորինգի համաձայն բանանի իրացման գինը կազմել է 499 դրամ՝ 1 կիլոգրամի համար, չնայած, որ վաճառակետերում բանանի գինը հասնում է մինչև 700 դրամի։