տուն Լուրեր Բանակում դեռ կան խնդիրներ. ծնողները դիմում են վարչապետին

Բանակում դեռ կան խնդիրներ. ծնողները դիմում են վարչապետին

252
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը   երկրի ղեկը ստանձնելուց հետո  հաճախ է խոսում բանակի խնդիրների, բարեփոխումների մասին. զինվորի սնունդ, հագուստ, կենցաղային պայմաններ՝ դրանք մշտապես գործադիր մարմնի ուշադրության կենտրոնում են:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ տարի ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանն ասել էր. «Հայաստանում կա երկու զուգահեռ իրականություն. մի իրականությունն այն է, ինչ նկարագրված է Սահմանադրության և օրենքների մեջ, իսկ մի իրականությունն այն է, որ գոյություն ունի անկախ Սահմանադրությունից և օրենքներից»:

Սակայն բանակում դեռ խնդիրներ կան եւ Փաշինյանի մատնանշած զուգահեռ իրականությունը դեռ ամուր դիրքերում է:

Բանակում զինվոր ունեցող  ծնողներից մեկը Araratnews.am-ին պատմեց, որ  խնամի-ծանոթ-բարեկամով, կաշառքով  շատերը դեռ կարողանում են իրենց երեխաներին ուզած վայրում զինծառայության «դասավորել»:  Ավելին,  ասաց, որ նույնիսկ  մի քանի ծառայության «մաղարիչի» գներն են հայտնի: «Օրինակ, նորակոչիկին սնայպերշիկ դասավորելու համար անհրաժեշտ է 500-1000 դոլար կաշառք»,- պնդեց ծնողը:

«Իմ որդին, օրինակ, ծառայում է Հադրութում: Առավոտվա սննդից գոհ են, բայց ճաշի ժամին կարտոֆիլը  հազիվ են գտնում ամանում: Լողանում են սառը ջրով: Պայմաններն այդքան էլ լավ չեն: Էդքան ասում են՝ սնունդը լավ է, լավ է, բայց դեռ  այն չէ, ինչ պրոպանգանդա են անում»,- բողոքեց մյուս ծնողը:

Ի դեպ,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է զինծառայողների սննդի մասին: Նա  հավաստիացրել է՝  աստիճանաբար բոլոր զորամասերում կփոխվի սննդի որակը:

Չնայած այս հայտարարությանը, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» ֆեյսբուքյան խմբում եւս սննդի մասին գրառում տեսանք: Խմբում ավագանու անդամներից մեկը  զինվորների մասնակցությամբ ճոխ սեղանով լուսանկար է հրապարակել, իսկ օգտատերերից մեկն էլ գրել է. «Էս մի տարի է՝ ծառայության մեջ եմ, սենց բանի չեմ ռաստվե»:

 

բանակ

Ծնողները հույս ունեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադրություն կդարձնի իրենց մտահոգությանը եւ կանի ամեն ինչ՝ զինծառայողների կեցության պայմանները փոխելու:

 

Սոնա Դավթյան