տուն Լուրեր «Բանակից խուսափել» օպերացիան սկսված է. փողատերերը գործի են անցել

«Բանակից խուսափել» օպերացիան սկսված է. փողատերերը գործի են անցել

100
0

ՀՀԿ

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց աղմկահարույց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը. կողմ քվեարկեցին ԱԺ-ի բոլոր խմբակցությունները, բացի «Ելք» դաշինքից:

Օրենքի դեմ բողոքող եւ դասադուլ հայտարարած ուսանողներն այսօր բախումներ ունեցան ոստիկանության հետ, ամեն դեպքում իշխանությունը որոշեց  ընդառաջ գնալ դասադուլավորներին` սկսելու կլոր սեղան-քննարկումներ:

Օրենքին կողմ քվեարկած  իշխող կուսակցության ներկայացուցիչները  սատարում էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և իր ներկայացրած օրինագիծը, ձեռի հետ էլ  հայրենասիրության դասեր տալիս: Սակայն Araratnews.am-ի տեղեկություններով`  իշխանության հովանու տակ ծվարածները ստվերային այլ գործընթաց են սկսել:

Որքան մոտենում է բանակում ծառայելու ժամանակը, այնքան հաստանում է բանակում չծառայելու համար անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի  տրցակը: «Դպրոցներից մեկում 12 աշակերտի գործերն արդեն «դզել» են»,- պատմեց մեր զրուցակիցներից մեկը:  (Իսկ թե որ դպրոցներն են դրանք եւ որ պաշտոնյաների մասին է խոսքը, պաշտպանության նախարարության եւ իրավապահների համար դժվար չէ բացահայտելը, եթե իշխանությունը քաղաքական կամք դրսեւորի.-Ս.Դ.):

Չմոռանանք պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի՝ «ինձ կասեք, եթե մի պաշտոնյայի տղա բանակում չի ծառայի» խոստումը: Թե ինչպե՛ս է դրան տեր կանգնելու կառավարության անդամը, կտեսնենք, սակայն  հաշվի առնելով ամիսներ առաջ հրապարակված  պաշտոնյաների՝ բանակում չծառայած որդիների անուններն ու  «հիմնավորումները», մտավախություն կա, որ այս  օրենքի ընդունումից հետո էլ դարձյալ «կհիվանդանան» ու «տաղանդավոր կլինեն» միայն ունեւորների զավակները: Դե,  գիտության մարմաջն ու Աստծո պատիժը հիվանդության տեսքով  «շրջանցում» են միայն  անապահովներին, որոնք գլուխը կախ  պաշտպանում են հայրենիքը, համեստորեն լռում իրենց ձեռքբերումների մասին,  իսկ  «գիտնականներն» ու «հիվանդները», կաբինետից կաբինետ անցնելով նախարարների, վարչապետների, գեներալների կարգավիճակով  հոխորտալով  հարցնում են՝ բա ո՞վ գնա ծառայի…

Սոնա Դավթյան