տուն Լուրեր Բանակցային գործընթացում ինչ կփոխվի Ուորլիքի հեռանալով. քաղաքագետ

Բանակցային գործընթացում ինչ կփոխվի Ուորլիքի հեռանալով. քաղաքագետ

128
0

Գագ.-Համբարյան

Ջեյմս Ուորլիքի հրաժարականի մեջ որևէ արտառոց բան չկա, առավել ևս, որ նա արդեն երեք տարուց ավելի աշխատում է այդ պաշտոնում: Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով Ուորլիքի գործունեության մեջ դրական է գնահատում նաև նրա ակտիվությունը սոցցանցերում. «Ջեյմս Ուորլիքն այն եզակի համանախագահներից էր, ով շատ ակտիվ էր սոցցանցերում, և շատ դեպքերում բանակցային գործընթացի վերաբերյալ կարևոր մանրամասներն իմանում էինք ոչ թե համանախագահների պաշտոնական հայտարարություններից, այլ Ուորլիքի թվիթերյան գրառումներից»:

Իսկ թե ի՞նչ ազդեցություն է ունեցել Ուորլիքը բանակցային գործընթացի վրա հարցին քաղաքագետն նշեց՝ այս դեպքում ամերիկացի համանախագահի դերակատարումը շատ փոքր էր. «Նա ներկայացնում էր ԱՄՆ-ը, և նրա գործունեությունն ավելի շատ ուղղորդվում էր ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից»:

Իսկ Ադրբեջանի նկատմամբ Ուորլիքի վերաբերմունքի մասին հարցին ի պատասխան Համբարյանը նշեց. նրա գործունեությունը չէր բխում ադրբեջանցիների շահերից. «Հիմա ադրբեջանական մամուլը վիրավորանքներ է ուղղում Ուորլիքի հասցեին, որն ապացուցում է, թե նրա գործունեությունը բացարձակապես չէր համապատասխանում ադրբեջանցիների շահերին: Այստեղից հետևություն. նա չդարձավ Մեթյու Բրայզա և ավելի ճշգրիտ գնահատականներ էր տալիս կոնֆլիկտին, ավելի շատ էր բացահայտում բանակցային գործընթացում առկա հետաքրքիր նրբությունները,  և ադրբեջանցիներին երբևիցե չհաջողվեց հերքել այն թեզերը, որոնք առաջ էին քաշվում Ուորլիքի կողմից: Թեկուզև նույն այդ «Տարածքներ` կարգավիճակի դիմաց» թեզը, որը շատ դեպքերում համանախագահն առաջ էր տանում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքն է որոշելու իր ապագան: Միայն այդ հայտարարությունն ուղղակիորեն հիստերիա էր առաջացնում Բաքվում»:

Համբարյանը նաև ընդգծեց, որ այնուամենայնիվ այս պարագայում խնդիրը անձերը չեն՝ ո՞վ կլինի համանախագահ, այլ այն, թե որևէ հարցի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում կունենա ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Սպիտակ տունը. «Ես չեմ կարող ասել, որ ԱՄՆ-ը կփոխի իր քաղաքականությունը Հարավային Կովկասում և կոնկրետ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, և չեմ կարծում, որ Թրամփի նախագահ դառնալն ինչ-որ ազդեցություն կունենա արցախյան հիմնախնդրի լուծման վրա: ԱՄՆ-ն կշարունակի նույն քաղաքականությունը` փորձելով գոնե առաջիկայում պահպանել այն ստատուս քվոն, որը գոյություն ունի տարածաշրջանում»,- եզրափակեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան էջում գրել էր, որ ս.թ. դեկտեմբերի 31-ին հրաժարական կտա: