Այսօր տեղի է ունեցել Գյումրու ավագանու նիստը: Ուշագրավն այն է, որ նախորդ տարի կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Գյումրու ավագանու նիստերին չէին մասնակցում ավագանու «Հայկական վերածնունդ», ԳԱԼԱ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամները: Նրանք բոյկոտել էին նիստերն այն պատճառով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից 1-ական ավագանու մանդատներ վերցրել եւ տվել էր ՀՀԿ-ին, որն էլ ներկայացնում էր «Բալասանյան» դաշինքը:
Այսօր տեղի ունեցած նիստին, բացի «Բալասանյան» դաշինքից, մասնակցում էին նաեւ ՀՎԿ ավագանու անդամները: Նկատենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ Միսակ Բալասանյանը, հանդիպել է ՀՎԿ անդամների հետ եւ առաջարկել նրանց ամսական 300 հազար դրամ, որպեսզի նրանք մասնակցեն նիստերին: Սա տարօրինակ չէ այն առումով, որ նախկինում էլ Բալասանյանի տղան վճարում էր ավագանու անդամներին:
Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` նախորդ ավագանու անդամներից, բացի Լեւոն Բարսեղյանից ու Արմեն Բադեյանից, մյուսները ստացել են գումար:
Այսօր տեղի ունեցած նիստից հետո ՀՎԿ անդամը հերքել է տեղեկությունները, թե հանդիպել են Բալասանյանի որդուն: Իսկ հորը` քաղաքապետ Բալասանյանին, ուրախացրել է փաստը, որ ՀՎԿ-ականները եկել էին նիստին: Այսօրվա նիստին ներկա էր նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան, ով եւս ՀՎԿ ցուցակով ավագանի էր ընտրվել:
Բալասանյանը դիմել է նիստը բոյկոտած ԳԱԼԱ եւ ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչներին: «Հիմա ուզում եմ խոսել 16 ավագանու անդամների մասին, ովքեր անհարգելի բացակայել են նիստերից: Ուզում եմ ներկայացնել նախագիծ՝ նրանց իրավունքները վաղաժամ դադարեցնելու մասին, որը լրիվ համապատասխանում է ՏԻՄ օրենքին: Ես որոշեցի այս հարցն այս նիստին չմտցնել ավագանու օրակարգ: Եթե նրանք Գյումրի համայնքի ղեկավարին ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր՝ իրենց բացակայության վերաբերյալ, այն կհամարվի հարգելի: Այսինքն` այս հարցը տեղափոխում ենք մյուս նիստի օրակարգ»,- ասել է Բալասանյանը:
Araratnews.am-ը ԳԱԼԱ կուսակցության մամուլի խոսնակ Արմենուհի Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի կուսակցությունը ավագանու նիստերի վերաբերյալ, եւ հնարավո՞ր է բոյկոտը դադարեցնեն: Ի պատասխան Ա. Վարդանյանն ասաց. «ԳԱԼԱ-ն դեռ չի որոշել մարտավարությունը՝ մասնակցե՞լ ավագանու նիստերին, թե՞ ոչ: Պետք է քննարկել, հասկանալ, ընդամենը 4 մանդատ ունենք, հարկավոր է վերլուծել, թե ի՞նչ ծավալի աշխատանք է հնարավոր անել, ավագանու նիստերին մասնակցել-չմասնակցելը որքանո՞վ է կարեւոր: Այնպես չէ, որ դահլիճում ֆիզիկական ներկայությամբ է, որ մենք ցուցադրելու ենք, թե աշխատում ենք: Այսպես թե այնպես, ամեն օր տասնյակ գյումրեցիների հետ ենք հանդիպում, լսում նրանց խնդիրները, փորձում գտնել լուծման ուղիներ եւ այլն: Այնպես որ, ֆիզիկական ներկայությամբ չի որոշվում` ով ի՞նչ չափով է աշխատում»:
Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե Բալասանյանն ակնկարկում է մանդատներից զրկելու հարցը, Արմենուհի Վարդանյանն արձագանքեց, որ ԳԱԼԱ-ին մանդատ տվողը ժողովուրդն է, եւ ոչ ոք չի կարող զրկել: «Ես հիշեցնեմ, որ առաջին չորս անդամներին դեռ հաջորդելու են մյուս չորսը, հետո` մյուս քառյակը եւ այսպես շարունակ»,- ասաց նա:
Ավագանու ԲՀԿ անդամներից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց:
Փայլակ Ֆահրադյան