տուն Լուրեր Բալասանյանի «այո»-ն, եւ ճակատի գրերը

Բալասանյանի «այո»-ն, եւ ճակատի գրերը

141
0

balasanyan

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի բառացել, որ գլխավորելու է «Այո»-ի շտաբը հանրապետության երկրորդ քաղաքում: Առհասարակ, Բալասանյանը մշտապես էլ հլու հնազանդ  կատարել է իշխանությունների հրահանգները, անգամ «ընդդիմադիր» եղած ժամանակ: Ինչպես հայտնի է, տարիներ առաջ Բալասանյանը ՕԵԿ-ից էր եւ հպարտորեն հայտարարում էր, որ իր ճակատին ՕԵԿ է դաջված, հետո Բալասանյանն անդամակցեց ԲՀԿ-ին՝ արագորեն մոռանալով իր ճակատի գրի մասին: ԲՀԿ արդեն նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո՝ Բալասանյանը հերթական անգամ «դավանափոխ» եղավ՝ արագորեն մոռանալով իր ճակատի երկրորդ գրի մասին:

Նկատենք, որ չնայած Բալասանյանը ԲՀԿ-ական էր, սակայն Գյումրու քաղաքապետի ընտրություններում վերջինիս աջակցեց անձամբ Սերժ Սարգսյանը: Ստացվում է՝ լինելով ԲՀԿ-ական՝ Բալասանյանը միեւնույն ժամանակ ծառայություններ էր մատուցում իշխանություններին:

Հիմա, արդեն Բալասանյանը վստահաբար հայտարարում է, որ գյումրեցիների մեծ մասը կողմ է Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխություններին: Այստեղ, սակայն, հարց  է առաջանում, որտեղից Բալասանյանին թվային այդ տվայլները: Արդյոք քաղաքային իշխանությունները գյումրեցիների շրջանում հարցում են իրականացրել, կամ, թե գյումրեցինե՞րն են ամեն օր գնացել «հորանց տուն» ( Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետարանն անվանում էր գյումրեցիների հորանց տուն), եւ իրենց դիրքորոշման մասին հայտնել Բալասանյանին: Ամեն դեպքում, ոչ առաջին տարբերակի, եւ ոչ էլ երկրորդ վերաբերյալ քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղեկություններ չկան: Ստացվում է մի քանի կուսակցություն փոխած Գյումրու քաղաքապետը ներկայացրել է միայն  սեփական  տեսակետը, այն մատուցելով որպես գյումրեցիների դիրքորոշում:

Իրականում, ո՞րն է եղել նման հայտարարության շարժառիթը, եւ ե՞րբ է սկսելու Բալասանյանն իր՝ «Այո»-ի քարոզարշավը: Այս եւ այլ հարցրերի շուրջ փորձեցինք զրուցել անձամբ քաղաքապետի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Նշենք, որ օրերս Գյումրու քաղաքապետը հանրությանն էր ներկայացրել բավականին հուզիչ մի տեսահոլովակ, որում ասում էր, թե աշխատավարձ չի ստանալու այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել անօթեւանության խնդիրը: Առաջին հայացքից գովելի մոտեցում է, բայց միայն առաջին հայացքից: Գյումրու քաղաքապետը  բավականին միջոցներ ունի, եւ դժվար թե «նստեր» չոր աշխատավարձի վրա: Բալասանյանի ընտանիքին է պատկանում Գյումրիի գարեջրի գործարանը: Վերջինիս որդու ընկերությանն է պատկանում հասարական տրանսպորտի սպասարկման գիծը: Բալասանյանը նաեւ Գյումրու Սեւ Ղուլ կոչվող տարածքն է սեփականացրել: Այնպես, որ քաղաքապետի աղքատիկ աշխատավարձից հրաժարվելը՝ ոչ այլ ինչ է, քան սեփական ժողովրդի աչքերին «թոզ փչել»: Ի դեպ, չի բացառվում, որ Բալասանյանը նման «զոհողության» գնացել է Սերժ Սարգսյանի՝ Գյումրի կատարած այցից հետո: Հիշեցնենք, որ այցի ժամանակ Սերժ Սարգսյանը խիստ խոսակցություն է ունեցել Բալասանյանի հետ: