տուն Լուրեր Բալասանյանը որոշել է պատժել տնակներից դուրս չեկող գյումրեցիներին

Բալասանյանը որոշել է պատժել տնակներից դուրս չեկող գյումրեցիներին

154
0

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է տնակներում ապրող բնակիչների համար նոր «անակնկալ» պատրաստել։ Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` մի քանի անգամ կուսակցություն փոխած Բալասանյան Սամվելը Ամանորի տոներից հետո դիմելու է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերություն, ինչպես նաեւ «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ, որպեսզի անջատեն այն տնակների բնակիչների կոմունալները, ովքեր երկրաշարժից հետո բնակարան են կորցրել, հետագա տարիներին ստացել, սակայն շարունակում են ապրել տնակներում։

Խնդիրն այն է, որ այն ընտանիքները, ովքեր, օրինակ, 88-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ կորցրել էին 2 սենյականոց բնակարան, իսկ հետագա տարիներին ընտանիքի անդամների թիվն ավելացել է, սակայն ստացել են նույն 2 սենյականոց բնակարանը, եւ ընտանիքի մի մասը տեղափոխվել է նորակառույց  բնակարան, իսկ ընտանիքի մյուս մասը մնացել է տնակում, ուստի քաղաքապետարանը որոշել է նրանց պատժել յուրօրինակ ձեւով։

Նշենք, որ Գյումրիում դեռեւս կան բազմաթիվ ընտանիքներ, ովքեր տուժել են երկրաշարժի հետեւանքով, սակայն առ այսօր բնակարան չեն ստացել։ Կան ընտանիքներ էլ, ովքեր ստացել են բնակարան, սակայն ընտանիքի մի մասը շարունակում է ապրել տնակում։  Քաղաքապետ Սամվել Բալասանյանը Գյումրին առանց տնակների իշխանության «խոստումը» փաստորեն որոշել է իրականություն դարձնել այս եղանակով։ Գյումրեցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ միանշանակ անընդունելի են համարում նման մոտեցումը։ Գյումրու քաղաքապետարանից պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեր հեռախոսազանգին նախ պատասխանեց․ սակայն տեղեկանալով, որ լրագրող է իրեն անհանգստացնում, անջատեց խոսափողն ու այլեւս մեր զանգերին չպատասխանեց։ Բալասանյանի մամուլի խոսնակը եւս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Փայլակ Ֆահրադյան