Դեկտեմբերի 14-ին Գյումրու ավագանու իրավական հարցերի և մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի հանձնաժողովները, ըստ էության, մերժեցին ԳԱԼԱ խմբակցության ներկայացրած նախագիծը՝ ավագանու ուղերձով ՀՀ կառավարությանը դիմելու համար:
Նախագծով, որը ներկայացրել էր Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը, Գյումրու ավագանին ՀՀ կառավարությունից 550 մլն դրամի չափով գումար է խնդրում, որպեսզի Գյումրիում ևս մանկապարտեզներն անվճար գործեն: Հանձնաժողովում նախագծին ձեռնպահ են քվեարկել «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։ Նրանք հայտարարում են, թե դեռ ժամանակը չէ։ Բացի այդ, «Բալասանյան» դաշինքի ՀՀԿ-ական ավագանու անդամները նաեւ մտել են պետական բյուջե եւ հաշվել, որ այնտեղ գումար չկա, որ մի հատ էլ հատկացնեն Գյումրիում մանկապարտեզներն անվճար դարձնելուն։
Araratnews.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամ Հրայր Կարապետյանի եւ ԳԱԼԱ խմբակցության անդամ Քրիստինա Մկրտչյանի հետ, ով նաեւ ուղերձի նախագիծը հեղինակողն է:
«Բալասանյան» դաշինքի ավագանու անդամ Հրայր Կարապետյանը, ով, ի դեպ, նաեւ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետն է եւ նաեւ սկանդալի կենտրոնում հայտնված Շիրակի պետական համալսարանի ռեկտոր ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի սանիկը, մեզ հետ զրույցում նշեց, թե դեռ ժամանակը չէ, որ նման որոշում կայացվի։
«Այդ հարցով քննարկումներ են գնում, թող քննարկեն, ավարտեն, մենք այդ հարցին կարող ենք եւս մեկ անգամ անդրադառնալ, թե չէ «Բալասանյան» դաշինքը քվեարկել է ձեռնպահ, սա հանձնաժողովի նիստ է։ Մենք դեմ ենք ոչ թե անվճար դառնալուն, այլ ուղերձ հղելուն»,- ասաց «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամը։ Մեր դիտարկմանը, թե միգուցե կաշկանդված եք եւ չե՞ք ցանկանում կոչով դիմել կենտրոնական իշխանություններին, Հ․ Կարապետյանը պատասխանեց․ «Կաշկանդված չի, կաշկանդվելու առանձնապես բան էլ չկա, խոսքը ընդամենը գնում է ուղերձ հղելուն, այդտեղ չի նշանակում, որ հենց ուղերձը հղեցինք, բոլոր հարցերը կարգավորվեցին, մանկապարտեզները դարձան անվճար։ Ուղերձ հղելուն ձեռնպահ ենք քվեարկել, սա դեմ չէ»,- ասաց Հ․ Կարապետյանը։
Նկատենք, որ օրեր առաջ նույն Կարապետյանը հայտարարել էր, թե իրենք չեն վախենում ուղերձ հղել իշխանություններին եւ հենց իրենք են իշխանությունը: Այսօր Կարապետյանն օգտագործեց «կաշկանդված» եզրույթը: Հարցին, թե հնարավո՞ր է գիտեք, որ իշխանությունները մերժելու են նախակրթարաններն անվճար դարձնելու գյումրեցիների առաջարկությունը, դրա համար չեք ցանկանում դիմել, Կարապետյանն ասաց, որ չի կարծում, եւ հետո` այդ ամենը կապված է ֆինանսական միջոցների հետ, իսկ ինքը գիտի, որ պետական բյուջեում փող չկա։
Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցության անդամ Քրիստինա Մկրտչյանը վերահաստատեց իր այն հայտարարությունը, որ «Բալասանյան» դաշինքի անդամները վախենում են ուղերձին կողմ քվեարկելուց: Araratnews.am-ի հետ զրույցում Մկրտչյանն ասաց նաեւ, որ «ժամանակը չէ» հայտարարություններով կամ ձեռնպահ քվեարկությամբ «Բալասանյան» դաշինքի անդամները պարզապես մանիպուլյացիա են անում։ «Մեկ բան հստակ է, որ իրենք իրենց քվեարկությամբ խոչընդոտում են, որպեսզի ուղերձ հղվի ՀՀ կառավարությանը։ Սա նշանակում է, որ «Բալասանյան» դաշինքի անդամները չեն ցանկանում, որ Գյումրիում մանկապարտեզներն անվճար լինեն»:
Դիտարկմանը, թե ավագանու անդամն ասում է, որ բյուջեում փող չկա, Քրիստինա Մկրտչյանն ասաց. «Գյումրու ավագանու ո՞ր անդամն է նման հայտարարություն անում: Հայտարարություն անողը իրեն դրել է կառավարության անդամի տե՞ղ, որ հայտարարում է՝ բյուջեում փող չկա: Նրանց, ովքեր նման հայտարարություն են անում, ճիշտ կլինի հիշեցնել, որ ընդամենը Գյումրու ավագանու անդամ են եւ գործելու են ի շահ գյումրեցու: Ճիշտ կլինի նաեւ հիշեցնել, որ պետական բյուջեն էլ է գյումրեցու համար, ՀՀ կառավարությունն էլ մեր կառավարությունն է: Եւ ինչո՞ւ են ավագանու անդամները ստորադասում գյումրեցու երեխայի շահը` ինձ համար անհասկանալի է»:
Ըստ Մկրտչյանի` Հայաստանի կառավարությունը եւ պետական բյուջեն ՀՀ քաղաքացիներինն է, ոչ թե ՀՀԿ-ինը։ Ք․ Մկրտչյանը գտնում է, որ ոչ միայն ժամանակն է, այլեւ վաղուց պետք է Գյումրու մանկապարտեզներն անվճար լինեին, առավել եւս, նկատի ունենալով, որ հանրապետության երկրորդ քաղաքում սոցիալական վիճակը ավելի ծանր է։
Նշենք, որ Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցության նախաձեռնությանը կողմ են արտահայտվել ավագանու «Հայկական վերածնունդ» եւ ԲՀԿ անդամները։ «Հանձնաժողովի նիստերում այս երկու խմբակցությունների ավագանու անդամներն էլ կողմ են քվեարկել մեր նախագծին։ Ավագանու նիստում եւս վստահեցրել են, որ կողմ են քվեարկելու։ Սա նշանակում է, որ ուղերձ հղելուն խոչընդոտում է «Բալասանյան» դաշինքը՝ ձեռնպահ քվեարկությամբ»:
Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչու են ձեռնպահ քվեարկում, Ք. Մկրտչյանը պատասխանեց. «Որովհետեւ «Բալասանյան» դաշինքը հայտնվել է ծուղակում: Կրկնում եմ՝ վախենում են կողմ քվեարկելուց, որովհետեւ նրանց առնվազն խիստ նկատողություն կտան, իսկ դեմ քվեարկել եւս չեն կարող, որովհետեւ իրենք ընտրություններից առաջ մեծ-մեծ խոստումներ են տվել: Ինչպե՞ս են դուրս գալու փողոց ու հայտարարելու, որ իրենք դեմ են, որ հարեւանի երեխան անվճար մանկապարտեզ գնա»:
Փայլակ Ֆահրադյան