Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախում պատիժը կրելուց հետո Ադրբեջանի քաղաքացու ազատ արձակմանը: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը Ադրբեջանի մեծ աշխարհաքաղաքականության ներքո
Մի քանի օր առաջ ազատ է արձակվել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, ով երկու տարի առաջ ապօրինի հատել էր Արցախի սահմանը: Իհարկե, դա միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից, բայց նման քայլն առաջին հերթին օրենքի պահանջ էր, քանի որ իր պատիժը կրելուց հետո ցանկացած անձ՝ անկախ ազգությունից, կրոնից եւ քաղաքական աշխարհայացքներից, պետք է ազատ արձակվի:
Բացի դրանից, այսպիսի մոտեցումը համահունչ է նաեւ հայոց ազգային արժեհամակարգին եւ աշխարհայացքին: Մեր ժողովուրդը հայրենասեր է, բայց երբեւիցե նացիստ կամ ֆաշիստ չի եղել, գաղափարներ, որոնք հանդիսանում են Ադրբեջանի պետականաշինության հիմքը:
Իսկ ինչպիսի՞նն էր Ադրբեջանի պատասխանը: Այն ամբողջովին կանխատեսելի էր: Բաքուն միջազգային հետախուզում հայտարարեց նրա նկատմամբ: Ի՞նչն էր պատճառը:
1. Նախեւառաջ այդ անձը ի սկզբանե չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան՝ չտեսնելով այնտեղ որեւէ հեռանկար իր ապագայի համար:
2. Անուն-ազգանունից երեւում է, որ Էլնուր Հուսեյնզադեն զտարյուն թուրք չէ:
Այս հանգամանքները ցանկացած ֆաշիստական երկրում բավարար հիմք են հանդիսանում մարդուն հետապնդելու, բանտարկելու եւ սպանելու համար: Այդպիսի օրինակներն Ադրբեջանում բազմաթիվ են:
Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը եւս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը, այնտեղ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարումը, իսլամական արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, պետության ահաբեկչական էությունը»: