Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը նախ հայտարարեց, որ ելույթ էր գրել, սակայն հիմա չի գտնում, որպեսզի ընթերցի: «Երեւի դա էլ պատահական չէ», — նկատեց Բաղդասարյանը: Իր ելույթում նա անդրադարձավ այն խոսակցություններին, թե ՕԵԿ-ը վերանվանվում է, որպեսզի վերականգնի հեղինակությունը, ինչպես նաեւ՝ «Հայկական վերածնունդ միավորման» մեջ ներառվել են չեղած մարդ կուսակցություններ: «Լավ, եթե ՕԵԿ-ը չունի հեղինակություն, ապա այդ դեպքում ինչպես է ստացվում, որ վերջին քսան տարիների ընթացքում ԱԺ-ում առաջատար քաղաքական ուժերից է, որը նաեւ հանրային գնահատականն է: ՕԵԿ-ն աչքի է ընկել ինքնատիպությամբ ու վճռականությամբ»,- հայտարարեց Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է ՕԵԿ անվանափոխության մասին լուրերին, ապա Արթուր Բաղդասարյանը նշեց, թե ինքը սիրում է ՕԵԿ-ը, որին տարիներ շարունակ մեծացրել են՝ որպես իրենց զավակ: «Ոմանց թվում էր, թե հեշտ է հրաժարվել այդ անունից, սակայն չարաչար սխալվում են: Ես շնորհակալ եմ բոլոր այն կուսակցություններին ու կազմակերպություններին, որ քաղաքացիական արիություն ունեցան ու միաձուլվեցին: Հեշտ չէր նրանց համար այդ որոշումը կայացնել, սակայն չձերբազատվելով մեր ամբիցիաներից, մենք պոռթկում անելու քաջություն չենք ունենա: Ի դեպ, վերջին շրջանում մեզ միացել է եւս տասը կազմակերպություն»,- ասաց ՕԵԿ-ական Բաղդասարյանը: Նա անդրադարձավ նաեւ քաղաքական ուժերի նկրտումներին. «Որո՞նք են որոշ ուժերի բուն նպատակը՝ մտնել կրկին ԱԺ: Սակայն հինգ հոգով, մի քանի մանդատով ի՞նչ կարող ես փոխել երկրում: Միայն լայն համախմբումը կարող է բեկում մտցնել: Մենք կողմ ենք քաղաքական մրցակցությանյը, այլ ոչ ատելությանը, խաղաղությանը, այլ ոչ պատերազմին: Այս օրերին շատ են խոսում ռեժիմից վաղը չէ մյուս օրը ազատվելու մասին: Այո, Հայաստանին պետք է հեղափոխություն, սակայն դա պետք է անել մեր գաղափարներում, հոգիներում, մենք մեր մեջ պետք է սպանենք այն ստրկացած հատվածին, որ կորցրել է հույսը ու ոչ մի բանի չի հավատում: Քաղաքականությունը խաղ ու պար չէ, այլ պրագմատիզմ է, քայլերը հաշվարկված պետք է լինեն: Մեր առաջիկա քայլերը լինելու են հետեւյալը՝ մենք չենք քաշվելու ու ամաչելու, դիմելու ենք բոլորին՝ կոնսոլիդացիայի համար»: Ինչպես միշտ Բաղդասարյանի ելույթին հաջորդեցին ծափահարություններ: Ոգեւորվածներից մի քանիսն էլ ոտքի կանգնեցին, տպավորություն ստեղծելով, թե երկիրը փրկելու գործընթացը սկսված է:
Լուսանկարը՝ news.am_ի: